Ներկայումս Երևան-կենտրոն քրեակատարողական հիմնարկում գտնվում է գործառույթային անձեռնմխելիությամբ երաշխավորված, Սահմանադրության ուժով պաշտպանված և որևէ կերպ չհաղթահարված անձ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացՌոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
«Սահմանադրական դատարանը արձանագրելով, որ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կա հակասություն, փաստել է, որ երկրորդ նախագահը չէր կարող կալանավորվել։ Ավելին, երկրորդ նախագահի նկատմամբ մեղադրանքի որոշում նույնիսկ չէր կարող կայացվել», - հավելեց Վարդևանյանը՝ ընդգծելով, որ հայաստանյան օրենսդրությունը նման կարգավիճակով օժտված անձի նկատմամբ մեղադրանք առաջադրելու ընթացակարգ չի նախատեսում։
Պաշտպանը պնդեց, որ Քոչարյանն «անհապաղ, րոպե շուտ» պետք է լինի ազատության մեջ։ Նրա խոսքով, համապատասխան մարմինները պետք է վերացնեն Քոչարյանի հիմնարար իրավունքների խախտումը։



