Քոչարյանի հաղթանակը վերջնական է․ Փաշինյանին մ...

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախընտրական այս շրջանում իրապես ունի լուրջ անհանգստության առիթ, քանի որ վերջին սոցհարցումները, որոնք իրականացվել են նաեւ ԱԱԾ եւ մյուս պետական մարմինների կողմից, ցույց են տալիս, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանն այժմ ունեն հավասար վարկանիշներ, ընդ որում, եթե Ռոբերտ Քոչարյանի պարագայում նկատվում է վարկանիշի աճ, ապա Փաշինյանի դեպքում՝ նվազում։

Իշխանությունների անհանգստությունները եւ վախերը երեւում է հատկապես Նիկոլ Փաշինյանի մարզային այցելություններից, եւ դրանցում արած հայտարարություններից, ինչը ցույց է տալիս, որ Փաշինյանը որոշել է հենց այդ ագրեսիվ հարձակողական ֆորմատով էլ վարել իր նախընտրական արշավը։ Սա իհարկե կարող է որոշակիորեն դրական ազդեցություն ունենալ Փաշինյանի համար այն իմաստով, որ կարող է վարկանիշի անկումը կասեցնել, կամ նույնիսկ որոշակի բարելավումներ ապահովել, սակայն ինքնին հասկանալի է, որ արդեն խոսել այն մասին, որ Փաշինյանը կկարողանա մեծամասնություն ունենալ նոր ԱԺ-ում կամ նույնիսկ հավաքել 40 տոկոս քվե, արդեն անիրատեսական է։

Բացի այդ, ֆիքսենք, որ ի հակակշիռ փաշինյանական հիստերիկ աղմուկի, «Հայաստան» դաշինքը բավականին լավ ու գրագետ քարոզչություն է իրականացնում։ «Հայաստան» դաշինքը նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ լուծումներ է առաջարկում ամենահրատապ խնդիրների վերաբերյալ։ Այդ խնդիրներն են՝ Արցախի հիմնահարցի կարգավորումն է, եւ տնտեսության վիճակը, եւ առողջապահության համակարգի խնդիրները եւ կրթական խնդիրները։ Ընդ որում, խոսում է՝ առաջարկելով կոնկրետ լուծումների տարբերակներ ու եղանակներ։ Բավական հետաքրքիր է տարբեր ֆորմատներով հանդիպումները։ Մեդիաարշավն էլ կարելի է գնահատել որպես գերազանց։

Բացի այդ, եռամյա այս շրջանի թույլ լիդերի իշխանության պայմաններում հասարակությունը շատ հարցերում նաեւ գնահատում է  Ռոբերտ Քոչարյանի՝ որպես ուժեղ լիդերի հանգամանքը, ով ունի ճգնաժամային կառավարման փորձ եւ ունակ է լուծելու եւ Արցախի խնդիրը եւ տնտեսական խնդիրները եւ մնացած հարցերը, որոնք այսօր ծառացած են Հայաստանում։ Ու եթե այս պահի դրությամբ առկա սոցհարցումային պատկերը արտացոլվի ընտրություններում եւ նախագահ Քոչարյանն ու Փաշինյանը հավաքեն հավասար տոկոսներ, ապա Փաշինյանին արդեն իսկ պարտված կարելի է համարել, որովհետեւ նա առաջին հերթին ունի դաշնակիցների խնդիր։

Փաշինյանն իհարկե մասնակից 27 ուժերի մեջ ունի իր սատելիտները, սակայն այդ սատելիտներիը ընտրություններում նվազագույն շեմն հաղթահարելու խնդիր ունեն եւ այս իմաստով նա միայնակ է մնում։ Փաշինյան իհարկե կարող է իր սատելիտ ուժերից մեկին անցկացնել խորհրդարան, բայց դա կարող է անել միայն իր հնարավորությունների և ձայների հաշվին, այսինքն վերջնարդյունքում կստանա նույն պատկերը։

Փաշինյանին արմատական ուժերից լուրջ տոկոսներ են հավաքելու  Սերժ Սարգսյանի եւ Արթուր Վանեցյանի ձեւավորած «Պատիվ ունեմ» դաշինքը՝ այս պահի գնահատականով10-15 տոկոս, ինչպես նաեւ Գագիկ Ծառուկյանի ձեւավորած «ԲՀԿ»-ն։

Ինքնին հասկանալի է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը, որը ի սկզբանե հանդես է գալիս որպես Փաշինյանի արմատական ընդդիմություն, չունի համագործակցության եզր Նիկոլ Փաշինյանի հետ։ ԲՀԿ-ի մասով որոշ շրջանակներ փորձում էին ստեղծել տպավորություն, որ այս ուժը կարող է համագործակցել Փաշինյանի հետ, սակայն Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունը այս թեման փակեց՝՝ նա բացառեց որևէ տեսակի համագործակցությունը այսօրվա իշխանությունների հետ։

Հանրագումարում, ստացվում է, որ եթե նույնիսկ քվեների մասով Փաշինյանն ու Քոչարյանը հավասար դիրքերում հայտնվեն, ապա դաշնակիցների մասով Քոչարյանն ակնհայտորեն ունի առավելություն, իսկ Փաշինյանը չունի դաշնակիցներ, որոնք կարող են իր համար ապահովել մեծամասնություն ապահովող տոկոսներ։ Եթե ամփոփենք, ապա հունիսի 20-ից հետո Փաշինյանը լավագույն դեպքում ընդդիմության քվոտայով կարող է դառնալ ԱԺ փոխխոսնակ, իսկ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը և իր գործընկերները կառավարություն կձևավորեն։