Քննարկվում է Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձ...

Քննարկվում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակվելու հարցը::Այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդոք ճի՞շտ են լուրերը, որ Տիգրան Ավինյանը նշանակվելու է կոմբինատի տնօրեն:

Հարությունյանը նախ նշեց, որ երբ լուծումները կլինեն, բոլորը կիմանան: Հարցին, թե արդյոք այդ հարցը քննարկվու՞մ է, նա ասաց. «Այո, քննարկվում է: Նա քաղաքական թիմի անդամ է: Եվ պետք է լինեն մարդիկ, որոնք լավագույնս Հայաստանի շահերը կներկայացնեն տվյալ կազմակերպությունում»:

Անդրադառնալով ավելի վաղ Ավինյանի՝ բիզնեսի և քաղաքականության տարանջատման մասին արած հայտարարությանը՝  նա ասաց, որ տարբեր փուլերում տարբեր քննարկումներ եղել են, և յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը: Ավինյանը շարունակում է մնալ քաղաքական թիմի անդամ, վարչության անդամ:  Հարությունյանը շեշտեց՝ վերջին քաղաքական գործընթացներում Ավինյանը ներգրավված է եղել: Նա հորդորեց մութ էջեր չփնտրել Ավինյանի հայտարարությունների մեջ: