ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարարության ներդրումային կոմիտեի նախագահ Գաբիդուլա Օսպանկուլովի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ղազախստան առևտրատնտեսական և ներդրումային գործակցության ընդլայնման հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Կողմերը նշել են, որ վերջին տարիներին երկկողմ տնտեսական հարաբերություններում արձանագրվել է դրական դինամիկա, սակայն առկա ներուժը դեռևս ամբողջությամբ չի իրացվել։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու քայլերը երկկողմ ապրանքաշրջանառության ընդլայնման ուղղությամբ՝ փոխշահավետ և հավասարակշռված հիմքով։ Նա ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ինչպես հայկական որակյալ արտադրանքի արտահանման ծավալների ավելացմամբ դեպի Ղազախստան, այնպես էլ հայկական շուկայում պահանջարկ ունեցող ղազախական ապրանքների ներմուծման ընդլայնմամբ։
Անդրադարձ է կատարվել նաև ներդրումային գործակցության խորացման հնարավորություններին։ Այս համատեքստում ներկայացվել են Հայաստանում գործող պետական աջակցության գործիքները, որոնք հասանելի են նաև Հայաստանում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար, այդ թվում՝ վարկերի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորում, ներդրումների խթանման ծրագրեր, արտահանման աջակցության մեխանիզմներ, արտադրանքի սերտիֆիկացման աջակցություն և այլ ոլորտային գործիքներ։
Կողմերը գործակցության հեռանկարային ուղղություններ են դիտարկել առևտրի, ներդրումների, լոգիստիկայի, թվայնացման, թեթև արդյունաբերության, ագրոպարենային ոլորտի և վերամշակման բնագավառներում։ Այս համատեքստում ընդգծվել է Ղազախստանից ցորենի ներմուծման ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ նոր ուղիների զարգացման անհրաժեշտությունը՝ Կենտրոնական Ասիայի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացման և տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման նպատակով։



