Քննարկվել են Հայաստան-Իրան տնտեսական օրակարգի...

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Համիդ Ղամբարիի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցեր։ Կողմերը անդրադարձել են ընթացիկ համատեղ ծրագրերին և ընդգծել դրանց արդյունավետ ու ժամանակին իրականացման կարևորությունը»,–նշված է Իրանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ենթակառուցվածքային, էներգետիկ և սահմանային անցակետերի արդիականացման ոլորտներում իրականացվող նախագծերի շուրջ։

Գրիգոր Հակոբյանը ողջունել է իրանական ընկերությունների մասնակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ հաղորդակցային ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով ծրագիրը սահմանված ժամկետներում ավարտելու կարևորությունը։

Համիդ Ղամբարին վերահաստատել է ԻԻՀ պատրաստակամությունը՝ խորացնելու Հայաստան-Իրան առևտրատնտեսական համագործակցությունը և ակտիվացնելու տարբեր ոլորտներում ձևավորված համատեղ աշխատանքային խմբերի գործունեությունը։