Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը կասկած է հայտնել, որ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է նպաստել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Եթե բանակցությունները հանգեցնեն խաղաղության, դա լավ է։ Սակայն իմ փորձից ելնելով՝ նախորդ քննարկումների արդյունքները, օրինակ՝ Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ, շատ համեստ են եղել։ Իսկ եթե նայենք, թե ինչ է Ռուսաստանն ամեն օր անում մարտի դաշտում, ապա ես որևէ նշան չեմ տեսնում, որ նա ձգտում է խաղաղության։ Նրանք ձգտում են ճնշել (Ուկրաինային)», - ասել է Շվեդիայի վարչապետը, որի խոսքերը մեջբերել է շվեդական SVT հեռուստաընկերությունը։
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը նույնպես թերահավատորեն է արտահայտվել Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների «անկախ նախաձեռնության» վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Ստուբն ու Ստյորեն իրենց գործողությունները չեն համաձայնեցրել եվրոպական մյուս երկրների հետ։
Ֆինլանդիայի նախագահի գրասենյակն ընդգծել է, որ Պուտինի հետ զրույցում իրենք հանդես են եկել իրենց երկրների անունից, այլ ոչ թե ամբողջ Եվրոպայի։ Ստյորեն հայտարարել է, որ բոլոր դաշնակիցները տեղեկացված են եղել հեռախոսազրույց անցկացնելու ծրագրերի մասին։



