Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 15-րդ նիստը:
Նախարարությունից հայտնում են, որ նիստում քննարկվել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն ու տեղափոխմանն առնչվող 6 նախագիծ.
- Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 2/2 հասցեի շինության մի մասի ամրակայման, արևելյան պատշգամբի ապամոնտաժման նախագիծը համարվել է ընդունելի՝ պայմանով, որ կկատարվի փայտի նյութաբանական հետազոտություն, իսկ ապամոնտաժման աշխատանքները կիրականացվեն փայտագործ մասնագետի ներկայությամբ:
- Արենի-1 քարայրի թանգարանացման ծրագրի՝ հնագիտական թանգարանի, գինեգործության պատմության սրահի, հուշանվերների և այցելուների մուտքի կարգավորման շինության, անձնակազմի հանգստի ու գրասենյակային շինության և հուշարձանի մուտքն ապահովող կամրջակի շինարարության նախագիծը վերադարձվել է լրամշակման:
- Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու նորոգման վերականգնման և տարածքի բարեկարգման /հարակից տնակի վերաօգտագործման/ Էսքիզային նախագիծը վերադարձվել է լրամշակման:
- Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի մշակույթի տան լրամշակված էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի պայմանով, որ նախագծում կպահպանվեն բոլոր նորմատիվները:
- Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ա. Խանջյան փողոց N 9/6 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցման լրամշակված էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի:
- Երևան քաղաքի Արամի փ. 7 շենք, 3 բնակելի տուն և Արամի փ. 7 առևտրագործարարական շենքի հասցեներում նախատեսվող թաղամասի և առանցքներով պարփակված հատվածամասում գտնվող շենքերի հարկերի ավելացման և վերակառուցման աշխատանքային նախագիծը համարվել է ընդունելի:



