
Իսլամական համագործակցության կազմակերպությունը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում արտակարգ հանդիպում է հրավիրել Գազայում տիրող իրավիճակի շուրջ: Այս մասին հաղորդում է Arab News պարբերականը:
Գագաթնաժողովի ժամանակ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանը նշել է, որ Իսրայելի շարունակական հարվածները խաթարում են երկու պետության բանաձևով ճգնաժամը լուծելու միջազգային ջանքերը: Նա շեշտել է, որ Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշում ընդունած երկրների թիվը կայուն կերպով աճում է:
Ըստ Anadolu գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որը համանախագահել է նիստը, ընդգծել է Իսրայելի վրա համակարգված ճնշում գործադրելու կարևորությունը:
Իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ: Mehr գործակալության հաղորդմամբ՝ կողմերն ընդգծել են, որ իսլամական և արաբական երկրները պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկեն Իսրայելի շրջափակումը վերացնելու, հումանիտար մատակարարումներն ավելացնելու, «շարունակվող ցեղասպանությունը կանգնեցնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»: