Քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մա...

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: 

Ներկայացնելով առաջին ընթերցումից հետո իրականացված փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ բովանդակային հիմնական առաջարկները ներառվել են նախագծում: Մասնավորապես՝ երիտասարդական կազմակերպություն հասկացությունը սահմանելիս շեշտադրվել է ոչ առևտրային կազմակերպության պահանջը, քանի որ, ըստ Արթուր Մարտիրոսյանի, «քաղաքացիական սուբյեկտ լինելու համար «ոչ առևտրային» լինելու հանգամանքը էական նշանակություն ունի»:

Նախագծով ամրագրվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները, որը, Արթուր Մարտիրոսյանի դիտարկմամբ, կարևոր է ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիական հասարակության ինքնակազմակերպման և երիտասարդության ոլորտում, այսպես կոչված, անձրևանոցային կառույցների ձևավորման տեսանկյունից: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել համապատասխան իրավակարգավորում՝ երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները պետական լիազոր մարմնի հետ պետք է համագործակցեն պայմանագրային հիմունքներով՝ իրականացնելով համախումբ սոցիալական շահերի պաշտպանություն:

Վերջին փոփոխությամբ որպես քաղաքականության սուբյեկտ ավելացվել են երիտասարդական նախաձեռնող խմբերը:

«Երիտասարդության պարագայում խոսում ենք քաղաքացիական հասարակության այն սուբյեկտների մասին, որոնք դեռ իրավական կարգավիճակ չունեն և գտնվում են սկզբնավորման որոշակի փուլում: Ուստի, նրանք հանդես գալով որպես համայնքային կամ որևէ այլ նախաձեռնող խումբ՝ կարող են կուտակել համապատասխան ներուժ՝ հետագայում գրանցվելու, իրավական կարգավիճակ ստանալու և հանրային կյանքում ավելի էական դերակատարում ունենալու համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Անդրադառնալով պատգամավորների հարցերին և առաջարկություններին՝ Արթուր Մարտիրոսյանը պարզաբանումներ է ներկայացրել նախագծով առաջարկվող երիտասարդության տարիքային շեմի վերաբերյալ:

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունումը ենթադրում է նաև փոփոխություններ այլ իրավական ակտերում, մասնավորապես՝ «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:

Օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն: