ՔԿ-ի և «Էլարդ»-ի միջև մի երրորդ խումբ կա, որի...

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Ամուլսարի Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատման անհրաժեշտության մասին իր եզրակացությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Նախարարությունը մեզ ներկայացրել է նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ իր եզրակացությունների զեկույցը։ Հանձնարարել էինք, որ եզրակացություն տա, նախարարությունն այդ եզրակացությունն է ներկայացրել՝ տարբեր հիմնավորումներով, տարբեր հարցերի շուրջ է խոսել»,-նշել է նա։

Politik.am-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է, որ իրենք սպասում էին ՇՄՆ-ի որևէ հայտարարության, սակայն դա չեղավ:

Ադամյանը պնդում է՝ խնդիրը ոչ միայն բնապահպանական է, այլև՝ քաղաքական: Կառավարության վրա ճնշումը շատ մեծ է: «Որոշ քաղաքագետներ, օրինակ, սկսեցին հերքել, թե Կառավարության վրա ճնշում չկա: Փորձեցին անհիմմն համարել մեր պնդումները, բայց միայն ապացուցվում է, որ Կառավարության վրա ճնշում կա»,-ասում է Ադամյանը՝ վկայակոչելով նաև տարբեր օտարերկրյա կազմակերպությունների հայտարարությունները, թե Ամուլսարը չշահագործելու դեպքում ներդրումների նվազում կլինի:

Անդրադառնալով Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին և նրա հնարավոր ազատմանը, որի մասին, ի դեպ, ՔԿ-ն դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել, Սիլվա Ադամյանն ասում է.

«Յուրա Իվանյանը բնապահպան չէ, մասնագետ չէ, նա չէր կարող այդ ամբողջ եզրակացությունը կարդալ և տալ եզրակացություն, թե հանքը պետք է շահագործվի: Այսինքն՝ բացի «Էլարդ»-ից ու Քննչական կոմիտեից՝ կան փորձագետներ, որոնք կարդացել են եզրակացությունը, որոշումը տվել են Քննչական կոմիտեին՝ ասել են՝ սա է, այս մարդիկ էլ հայտարարել են: Գուցե իրենք իրենց շահագրգռվածությունն են ունեցել, որ այդպիսի հայտարարություն են արել, բայց որ սա եռյակ է, փաստ է: Ամբողջ խնդիրն այն է, որ փորձագետները, որոնք կապում են «Էլարդն» ու ՔԿ-ն, ընդհանրապես չեն երևում: Հավանաբար, Իվանյանին ասացին՝ գիտես՝ դու Արամայիս Գրիգորյանի բարեկամն ես, քեզ աշխատանքից հանում ենք: Այսկերպ փորձեցին հարցը փակել»: 

Բնապահպանի խոսքով՝ մյուս կողմում էլ որոշել են ամեն ինչ թողնել ՇՄՆ-ի վրա, վերջինս էլ, խելացի գտնվելով, դիմել է Գիտությունների ազգային ակադեմիային:  

«ԳԱԱ-ն, եթե դրական եզրակացություն տա շահագործմանը, բոլոր քարերը կգլորեն նրա ուղությամբ: Բայց մնում է հուսալ, որ ԳԱԱ-ն կցուցաբերի հայրենասիրական մոտեցում և կհրապարակի ճշմարտությունը, որ այո, ռիսկերը գնահատված չեն»:

Ադամյանի կարծիքով՝ «այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու, շարանը շարունակվելու և, և ոչ մեկը հստակ պատասխան չի տալու». «Մեկը մյուսի վրա գցելով՝ ձգձգում են ժամանակը: Ձգում են՝ հասկանալով, որ հասարակությունը, առավել ևս՝ տեղի բնակչությունը, խիստ դեմ է ծրագրին, և եթե հանկարծ հրապարակում լինի, թե թեկուզ նոր ՇՄԱԳ-ից հետո հանքը կշահագործվի, հասարակությունը ոտքի կկանգնի»: