2022 թվականին Հայաստանի տնտեսական աճը ռեկորդային է, որի մեջ ամենամեծ ներդրումն է ունեցել բարձր տեխնոլոգիական ոլորտը:
Այս մասին տնտեսության տարբեր ճյուղերում խելացի լուծումների կիրառմանը նվիրված SILICON MOUNTAINS 2022 տարեվերջյան ամփոփիչ միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«2022 թվականին Հայաստանի տնտեսական աճը ռեկորդային է: Տնտեսական բարձր աճն ապահովելու մեջ ամենամեծ ներդրումն ունեցել է բարձր տեխնոլոգիական ոլորտը՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի կերպով: Այս տարի մոտ 50 տոկոս աճ է գրանցվել ՏՏ ոլորտում»,- նշեց Քերոբյանը։
«Մենք շարունակում ենք քննարկումները և ուզում ենք հասկանալ՝ ինչպիսի երկարաժամկետ լուծումներ կարող ենք առաջարկել, որպեսզի ավելի լայն հորիզոն տանք ընկերություններին իրենց աշխատանքի համար»,- նշեց նախարարը:
Նա նաև վստահեցրեց, որ կառավարությունը մեկնարկել և իրականացնում է տնտեսության արդիականացման ծրագրեր։
2021թ. կայացավ Silicon Mountains երկրորդ համաժողովը՝ նվիրված տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը (Digital Smart Economy)։ Համաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Դր. Չի-Ֆուն Չանը, ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։
2022 թվականին կայացավ թվով երրորդ Silicon Mountains համաժողովը, որը նվիրված էր թվային փոխակերպմանը։ Միջոցառմանն աջակցում էր ՀՀ Կենտրոնական բանկը։ Գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրեց «Կառավարության և ԿԲ համատեղ թվայնացման օրակարգը» թեման: Միջոցառման ընթացքում կայացավ երկու պանելային քննարկում՝ Թվային փոխակերպում և Ֆինտեք։



