Քաղաքական ուժերի խնդիրն է՝ բոլոր հասանելի միջ...

Սահմանադրական դատարանի նախագահը երեկ հայտարարել է՝ Հայաստանի Մայր օրենքը տարածքային պահանջ չի պարունակում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև որևէ այլ երկրի նկատմամբ: Արման Դիլանյանը «Ազատության» հետ զրույցում տարածքային պահանջների վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնյաների մեղադրանքները որակել է սին՝ հատուկ ընդգծելով, թե այն մինչև հանրաքվեի դնելը փորձաքննությունների է ենթարկվել այդ թվում միջազգային կառույցներում: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Ամիսներ առաջ, երբ Սահմանադրական դատարանը քննում էր սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը, որոշել էր՝ Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն Սահմանադրության նորմի ուժ, որոնք տեղափոխվել են հռչակագրից Սահմանադրություն: Երեկ Բարձր դատարանի նախագահն ընդգծել է՝ Սահմանադրության նախաբանը հռչակագրի մաս չէ: 

ՍԴ նախագահի այս սպառիչ բացատրությունները, թերևս, փակում են Բաքվի պահանջով նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգը: 

Բայց անդրդվելի են մնում ոչ միայն Բաքվի պաշտոնյաները, այլ նրանց հիմնական խոսափողի վերածված Նիկոլ Փաշինյանը, ով տառացիորեն օրեր առաջ պնդեց, թե Սահմանադրության նախաբանից պետք է հանվի Անկախության հռչակագրին արվող հղումը: 

Բայրամովը, Ամիրբեկովը շարունակում են պնդել, թե Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը բանակցային գործընթացում քննարկվել է դեռ 2022թ-ից: Փաշինյանն այս պնդումը չի հերքում: 

Այս իրավիճակը Հայաստանի համար խիստ վտանգավոր պատկեր է ստեղծում, որովհետև Փաշինյանի թեթև ձեռքով Հայաստանի Սահմանադրության հարցը դարձել է բանակցային գործընթացի մաս: 

Եթե Բաքվի պահանջն ընդունվի, Հայաստանը վերածվելու է ադրբեջանական ենթապետության: 

Մեր հասարակության կանխատեսելի «Ոչ»-ը նույնպես վտանգներ է ստեղծում, որովհետև Բաքվում դա ներկայացվելու է որպես Հայաստանի ժողովրդի «ռևանշիզմի» դրսևորում՝ դրանից բխող վտանգավոր հետևանքներով: 

Եվ ուրեմն, քաղաքական ուժերի խնդիրն է՝ բոլոր հասանելի միջոցներով հասնել նրան, որ Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական գործընթացը տապալվի: 

Մեկ տարի առաջ այս հարցով «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությանը հաջողվել էր քաղաքական լայն կոնսենսուս ձևավորել, առաջիկա օրերին կներկայացնենք մեր պատկերացրած գործընթացի «Ճանապարհային քարտեզը»»,- գրել է նա: