Ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում այսօր հիմնական հարցը ոչ թե պարզապես միավորումն է, այլ երրորդ իրական ուժային կենտրոնի ձևավորումը։ Առաջին երկուսը՝ իրենց քաղաքական և կազմակերպչական հենքերով, արդեն տեսանելի են։ Սակայն քաղաքական մրցակցությունը երբեք չի սահմանափակվում երկու բևեռով․ առանց երրորդ ծանրակշիռ դերակատարի իշխանության վերարտադրության ռիսկը շարունակում է մնալ բարձր։
Այս համատեքստում երրորդ խոշոր ուժի ձևավորումը դեռևս բաց հարց է։ Ավելի ճիշտ՝ դեռ հստակ չէ, թե նոր ձևավորվող համախմբման վարչապետի թեկնածուն ով կլինի։ Այդուհանդերձ, այս փուլում ամենատեսանելի շանսերը ունի Արթուր Վանեցյանը։ Նրա շուրջ մի քանի քաղաքական ուժերի համախմբման դեպքում հնարավոր է ձևավորվի ընդդիմադիր երրորդ ազդեցիկ բևեռը, որը կարող է լուրջ դերակատարում ունենալ նախընտրական և հետընտրական գործընթացներում։
Ինչո՞ւ հենց Վանեցյանը։
Առաջինը՝ ինստիտուցիոնալ փորձն ու համակարգային մտածողությունը։ Վանեցյանը քաղաքական դաշտ է մտել ոչ թե փողոցային պոպուլիզմով, այլ պետական համակարգի ներսից՝ հասկանալով, թե ինչպես է աշխատում ուժային, անվտանգային և վարչական մեքենան։ Սա այն որակն է, որը բացակայում է բազմաթիվ ընդդիմադիր գործիչների մոտ, բայց խիստ անհրաժեշտ է անցումային փուլում։
Երկրորդը՝ նրան շուրջը հնարավոր է իրական միավորում։ Վանեցյանը չունի այնպիսի կոշտ բևեռացնող կերպար, որը ավտոմատ կերպով փակեր դաշտը այլ ուժերի համար։ Ընդհակառակը՝ նրա շուրջ հնարավոր է ձևավորել համախմբում՝ տարբեր գաղափարական և քաղաքական ուղղվածություն ունեցող ուժերի մասնակցությամբ՝ առանց մեկ կենտրոնի ամբողջական դոմինանտության։
Երրորդը՝ անվտանգային օրակարգի կրող լինելը։ Այս ընտրությունները սոցիալական պոպուլիզմի մրցույթ չեն լինելու։ Երկիրը կանգնած է անվտանգային, արտաքին քաղաքական և պետականության պահպանման լրջագույն մարտահրավերների առաջ։ Այդ պայմաններում հասարակության զգալի հատվածի համար առաջնային է ոչ թե գեղեցիկ խոսքը, այլ կառավարման և վերահսկողության կարողությունը։
Այս ամենը չի նշանակում, որ Վանեցյանը միակ լուծումն է․ երրորդ բևեռի համար կարող են լինել նաև այլ տարբերակներ, որոնք մենք կքննարկենք։ Սակայն հենց այս փուլում նա հանդիսանում է ամենալուրջ հիմք ունեցող գլխավոր տարբերակներից մեկը՝ երրորդ խոշոր ընդդիմադիր համախմբման ձևավորման համար։ Եվ եթե առաջիկա օրերին ընթացող բանակցությունները հանգեն կոնկրետ արդյունքի, ապա քաղաքական դաշտում կարող է ձևավորվել այն երրորդ կենտրոնը, որի բացակայությունն այսօր իշխանության գլխավոր առավելություններից մեկն է։



