Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի բնակիչ Թոռնիկ Արսենյանը դիմել էր լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ համայնքի ղեկավար Սարգիս Մարգարյանը հայհոյել և հարվածել է իրեն.
«Մայիսի 30-ին մորս հետ բնակարանը կիսելու համար գնացինք համայնքապետարան, ասացին՝ համայնքապետը տարածքում է, բայց տեղում չէ: Զանգեցի համայնքապետին ասաց՝ եթե մեքենայով ես, արի մեր տուն: Երբ գնացի Մարգարյանը ոչ ադեկվատ պահվածք ցուցաբերեց: Ես իրեն, որ սկզբից դիմեցի, նա ասաց՝ ես արձակուրդի մեջ եմ, Ալեքսին դիմիր՝ համայնքապետարանի աշխատակից: Ես էլ ասացի՝ Մարգարյան ջան, եթե արձակուրդում էիր, ինչո՞ւ չասացիր, որ ես քեզ չանհանգստացնեմ: Ինձ ասում է՝ քեզ դալաժիտ ե՞նք անելու: Ասացի՝ դալաժիտ անելու բան չկա, ուղղակի քեզ չանհանգստացնեի: Ասում է՝ դու ինձ չես կարող անհագստացնել, դու շատ փոքր մարդ ես: Ասացի՝ փոքրն ու մեծը հետո կտեսնենք ու նստեցի մեքենան: Հետո նա նստեց մեքենան, հարվածեց ու հայհոյեց ինձ, ապա ասաց՝ քշիր գյուղից դուրս գանք: Վեճի էր տանում», - պատմել է Արսենյանը:
Թոռնիկ Արսենյանը դիմել է փոխմարզպետ Կարեն Գրիգորյանին, նաև ոստիկանություն` տրամադրելով միջադեպի տեսանյութը:
Politik.am-ը դեպքի վերաբերյալ մանրամաասներ ստացավ համայնքապետից, ով հերքեց, թե ինքը հարվածել է բնակչին: Համայնքապետը վստահեցրեց` եթե ինքը հարվածած լիներ, Արսենյանը փաստը օգտագործելով դատաբժշկի էլ կդիմեր.
«Արսենյանը տարիներ շարունակ ապրում է Գերմանիայում: Մոտ 7 ամիս առաջ ավտովթարից զոհվեց իր եղբայրը երեք երեխաների հետ: Թաղման և ընտանիքի ծախսերը հոգալու հարցում աջակցել է համայնքապետարանը, նա որևէ բանի չի մասնակցել: Վատ քաղաքացի և ծնող լինելու պատճառով սեփական երեխայի խնամակալությունից զրկել են:
Այժմ եկել է Հայաստանը, չի այցելել եղբոր և եղբոր երեխաների շիրիմին, որը հիմա կառուցում ենք: Մեզնից պահանջում է մի բան, որը մեր իրավասությունների շրջանակում չէ: Այն է` իր հարսին, որի ամուսինն ու երեխաները մահացել են, բերենք գյուղապետարան, ստիպենք հրաժարվել տան բաժնեմասից, ինքն էլ տունը վաճառի գնա»- հայտնեց համայնքապետը:
Վերջինիս փոխանցմամբ` երբ Արսենյանը գնացել է իր տուն, բացատրել է, որ դա համայնքապետարանի գործառույթը չէ, չեն կարող բնակչին նման բան ստիպել: Բնակարանի մաս առանձնացնելն էլ բացառապես դատարանի գործառույթն է.
«Հայհոյախառը սկսեց խոսել, իմ վրա մատ թափ տալ, թե չեք ուզում ինչ-որ բան անեք, դեռ ձեզ ցույց կտամ: Դրանից հետո իր հետ կոշտ եմ ավելի խոսել, սակայն հարվածներ չեն եղել: Նստեցրել եմ մեքենան և գյուղից դուրս գալու կոչ արել: Փաստորեն նա պատրաստված էր եկել, տեսանկարահանել է միջադեպը, սակայն ոչ ամբողջությամբ ներկայացրել»- ասաց համայնքապետը:
Սարգիս Մարգարյանը նաև հայտնեց`պահանջել է ոստիկանությունը վերծանել իր և Թոռնիկ Արսենյանի հեռախոսազրույցը, հրապարակված տեսանյութն էլ ամբողջությամբ դիտարկել:



