Եմենի հութիները մի քանի ԱԹՍ-ներով թիրախավորել...

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները հիպերձայնային բալիստիկ հրթիռով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են Իսրայելի տարածքը։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։ 

Եմենի զինված ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին հայտարարել է Իսրայելի տարածքի դեմ ռազմական գործողության իրականացման մասին՝ ի պատասխան «Իսրայելի կողմից Գազայի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանական հանցագործությունների»։

Հրապարակված հայտարարության մեջ խոսնակը նշում է, որ հրթիռային ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով թիրախավորել են Յաֆֆայի (Թել Ավիվի) տարածքում գտնվող ռազմական օբյեկտը։ Գործողության հետևանքով բազմաթիվ իսրայելցիներ պատսպարվել են ապաստարաններում։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Եմենի ռազմաօդային ուժերը ևս երեք անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են Ումմ ալ-Ռաշրաշի (Էյլաթ) տարածքում գտնվող մի քանի օբյեկտ, ինչպես նաև Բեեր Շևայում գտնվող թիրախը։  

Իսրայելի բանակն իր հերթին հայտնել է Եմենից արձակված հրթիռ որսալու մասին: Հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի կենտրոնական մի քանի շրջաններում օդային տագնապի ազդանշաններ են հնչել: 

Իսրայելի ռազմաօդային ուժերն ուսումնասիրում են Էյլաթի տարածքում ընկած անօդաչու թռչող սարքը։

2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները Գազային աջակցելու կարգախոսի ներքո հրթիռային հարձակումներ են իրականացնում Իսրայելի ուղղությամբ, որն էլ իր հերթին հարձակումներ է իրականացնում Եմենի տարբեր շրջանների վրա։