Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձել է քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա խնդիրներին՝ ընդգծելով գիտելիքի պակասը, միջազգային ստանդարտներին համապատասխանելու անհրաժեշտությունը և համակարգային վերափոխումների կարևորությունը։
Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքացիական ավիացիայի ոլորտում Հայաստանը կանգնած է համակարգային խնդիրների առաջ, որոնք պահանջում են արմատական լուծումներ։
«Այս թեման բավական հասունացած է, և մենք պետք է առերեսվենք այն իրականությանը, որ ժամանակակից ավիացիոն համակարգերին պատշաճ արձագանքելու և դիրքավորվելու համար ունենք գիտելիքի պակաս»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ այդ բացը լրացնելու համար անհրաժեշտ են նաև արտառոց լուծումներ՝ մասնավորապես բարձրակարգ մասնագետների ներգրավում և կառավարման նոր մեխանիզմների ներդրում։
«Այդ գիտելիքը լրացնելու համար անհրաժեշտ են որոշակի արտառոց գործողություններ, այդ թվում՝ պատշաճ մասնագետների հրավիրում, համապատասխան կառուցակարգերի ստեղծում և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կարգավիճակի վերադասավորում այնպես, որ այն հնարավորություն ունենա նաև գեներացնել ծառայություններ և ունենալ սեփական բյուջե»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ այս փոփոխությունները հնարավորություն կտան ապահովել մրցունակ վարձատրություն և ներգրավել միջազգային բարձրակարգ մասնագետների։
«Մենք պետք է հնարավորություն ունենանք միջազգային շուկայում մրցունակ վարձատրություն ապահովել և աշխարհի բարձր մակարդակի մասնագետների հրավիրել, որպեսզի նրանք աշխատեն Հայաստանի Հանրապետության համար»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց նաև, որ ներկայում առկա են բազմաթիվ ընթացակարգային խոչընդոտներ, որոնք թույլ չեն տվել իրականացնել նման փոփոխություններ։
«Մենք ունենք բազմաթիվ ընթացակարգային խոչընդոտներ, որոնք թույլ չեն տվել այս ընթացքում դա անել, բայց մենք սկզբունքորեն որոշել ենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պետք է ունենա առանձնահատուկ կարգավիճակ՝ հաշվի առնելով ոլորտում տեղի ունեցող բուռն զարգացումները»,- ընդգծեց վարչապետը։
Նա տեղեկացրեց, որ Կառավարությունը պատրաստվում է համագործակցել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) հետ՝ ընտրելու համար լավագույն կառավարման մոդելը։
«Մենք Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հետ պիտի աշխատենք, որպեսզի նրանք մեզ խորհրդատվություն տան՝ ինչպիսի կառուցակարգեր և մոդել ընտրենք, որը կհամապատասխանի մեր օրենսդրությանը և միջազգային ստանդարտներին»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետը կարևորեց նաև ավիացիոն անվտանգության միջազգային չափանիշների լիարժեք կիրառումը։
«Մենք պետք է ավիացիոն անվտանգություն ասելով հասկանանք այն անվտանգությունը, որը սահմանված է ժամանակակից միջազգային ստանդարտներով։ Փորձել ասել, որ մենք մեր յուրահատկություններով պետք է առաջնորդվենք, չի ստացվի»,- ասաց նա։
Փաշինյանը ներկայացրեց նաև ոլորտում գրանցված աճի ցուցանիշները։
«2017 թվականի համեմատ Հայաստանից դեպի Եվրամիություն ուղևորահոսքերը աճել են 580 տոկոսով։ Սա նշանակում է, որ մենք պետք է լայնորեն զարգացնենք ավիափոխադրումները դեպի Եվրամիություն և ոչ միայն»,- նշել է վարչապետը։
Նրա խոսքով՝ այս աճը ևս մեկ անգամ ցույց է տալիս ոլորտի զարգացման անհրաժեշտությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Կառավարությունը նիստում ընդունեց քաղաքացիական ավիացիայի ոլորտի բարեփոխումներին ուղղված որոշում, որով նախատեսվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վերակազմավորում՝ այն դարձնելով շահույթ գեներացնող կառույց։
Որոշմամբ նախատեսվում է նաև ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 321 մլն դրամ ուղղել ավիացիայի ոլորտում վերահսկողության և կանոնակարգման ապահովմանը, ինչպես նաև համագործակցություն հաստատել ԻԿԱՕ-ի հետ՝ ոլորտը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով։



