
Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զինված անձինք հանգստավայրերից մեկում կրակ են բացել և սպանել առնվազն 26 զբոսաշրջիկի, կա 30-ից ավելի վիրավոր, որոնց մեծ մասը ծանր վիճակում է: Ուստի, չի բացառվում, որ զոհերի թիվն ավելանա, գրում է Associated Press-ը:
Ոստիկանությունը կատարվածի համար մեղադրում է Հնդկաստանի իշխանությունների դեմ պայքարող զինյալներին: Իրավապահների փոխանցմամբ՝ առնվազն չորս զինյալ մոտ տարածությունից կրակել են տասնյակ զբոսաշրջիկների ուղղությամբ: Սպանված զբոսաշրջիկների մեծ մասը հնդիկ էին:
Առայժմ որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել: Ոստիկաններն ու զինվորները որոնում էին հարձակվողներին։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ընդհատել է իր երկօրյա այցը Սաուդյան Արաբիա և չորեքշաբթի վաղ առավոտյան վերադարձել Նյու Դելի, հաղորդում է Press Trust of India լրատվական գործակալությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խստորեն դատապարտել է հարձակումը և ընդգծել, որ «հարձակումները խաղաղ բնակչության վրա անընդունելի են ցանկացած պարագայում»: