Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետութ...

2021 թ. ի վեր այս տարի առավել քան երբև Թուրքիան խստորեն պահանջել է, որ Հայոց ցեղասպանության հարցում ՀՀ դե-ֆակտո իշխանությունները անվերապահ մնան թուրքական «քարոզչական ծիրում»։  Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Ընդ որում խոսքը ոչ միայն ցեղասպանության միջազգային ճանաչումից ի սպառ հրաժարումն է, այլև նույնիսկ Հայաստանում ու հայկական աշխարհում այդ հարցի չքաղաքականացումն է, և առավելագույնը պարզապես որպես մշակութային իրադարձություն հիշատակելը։ Այս իմաստով բնավ զարմանալու չեն այն տեղեկությունները, որ օրինակ Հայաստանի դեսպանատներին ու հյուպատոսություններին Երևանից կոչ են արել, որ վերջիններս այնպես անեն, որ սփյուռքում միջոցառումներին Թուրքիայի անունը չհիշատակվի։
Առաջիկա 2-3 օրերին հավանաբար կլսենք թուրքական քարոզչության այլ նմուշներ՝ արտահայտված իբր հայ ժողովրդի անունից։

Հայոց ցեղասպանության հիշատակը միայն պատմություն չէ։ Այն հստակ քաղաքական դիրքորոշում է, որը մեր անվտանգության մի մասն է։ Ոչ թե ցեղասպանությունը մոռանալն ու ուրանալն է բարձրացնում մեր անվտանգությունը (ինչպես հիմա քարոզում են դե-ֆակտո իշխանությունները), այլ ճիշտ հակառակը։ Հայոց ցեղասպանության հին ու նոր դրվագների իմացությունը, դրանց վերաբերյալ հիշողության հարցում հաստատակամությունը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից։ Այլ բառերով ասած՝ եթե մոռանում ես, որ քո հանդեպ հանցագործություն է կատարվել, հավելյալ կանաչ լույս ես վառում, որ էլի կատարվի նման բան։

Ուստի թե՛ այս շաբաթ և թե՛ առաջիկայում, քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը՝ սկսած ապրիլ 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելուց։
Այդ առումով ես ավանդույթի համաձայն նաև մասնակցելու եմ ապրիլ 23-ի Ջահերով երթին։ Դուք էլ կարող եք միանալ»,- գրել է նա: