Քանաքեռ-Զեյթունում թենիսի ակադեմիա կհիմնվի. ա...

Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում նախատեսվում է թենիսի ակադեմիա հիմնել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարեց աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը։

Նշենք, որ դեռ տարվա սկզբին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող պատմական թենիսի կորտերն («Արարատ» թենիսի ակումբի կորտեր – խմբ.) այգու տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Ավինյանի հայտարարություններից հետո բազմաթիվ քաղաքացիներ, թենիսիստներ, ճարտարապետներ դեմ արտահայտեցին թենիսի կորտերի և՛ քանդմանը, և՛ տեղափոխմանը։

Մակվեցյանի խոսքով` հավաքովի կոնստրուկցիաներով մարզադաշտի կառուցման աշխատանքները մեծ կարևորություն ունեն Երևանի սպորտային ենթակառուցվածքների զարգացման և երիտասարդների առողջ ու ակտիվ միջավայրի ապահովման համար։ Նոր մարզադաշտի կառուցումը հնարավորություն կտա արագ և արդյունավետ սպորտային հարթակ ստեղծել։ Արդեն իսկ կազմվել է հավաքովի կոնստրուկցիաների մարզադաշտի ելակետային տվյալներով տեխնիկական բնութագիրը։ Առաջիկայում նախագծային մրցույթ հայտարարելու համար այդ բնութագիրը կփոխանցվի շինարարության և բարեկարգման վարչությանը։

«Ակադեմիայում 6 բաց և 4 փակ կորտ կլինի։ Նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Մարզակառույցը 350 նստատեղ կունենա, որը հնարավորություն կտա նաև միջազգային խոշոր մրցաշարեր իրականացնել»,– նշեց Մակվեցյանը։

Ի հավելումն` Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի արդեն գործնական փուլը կսկսվի։

Հիշեցնենք, որ մեկ կորտ կառուցելու համար մոտ 20 000 ԱՄՆ դոլար է անհրաժեշտ, իսկ Օղակաձև այգու 4-րդ հատվածում 5 կորտ կա։

Կորտերից բացի, այգու այդ մասում նաև սրճարաններ և ռեստորաններ կան, ու դրանք նույնպես նախատեսվում է քանդել, որպեսզի զբոսայգին, այսպես ասած, վերադարձվի երևանցուն։ Նրանց հարցն էլ այս պահին օդից կախված է մնում։

Այդ բոլոր գործողությունների համար անհրաժեշտ պայման կա` հատվածը հանրային գերակա շահ պետք է ճանաչվի։