«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել շուրջ 7կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարության և թունելին մոտեցնող շուրջ 4կմ երկարությամբ ճանապարհների վերակառուցման տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։
Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստի ընթացքում բացվել են առաջին փուլի գնահատումը հաղթահարած կազմակերպությունների տեխնիկական առաջարկները, որոնք առաջիկայում կուսումնասիրվեն գնահատող հանձնաժողովի անդամների կողմից։ Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Քաջարանի թունելն ու թունելին մոտեցնող ճանապարհները կառուցվելու են ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Ծրագրով նախատեսված է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխանող թունել, որի շինարարության միջազգային բաց մրցույթը նույնպես հայտարարված է, և այժմ ներկայացված հայտերը գնահատման փուլում են։



