Օգոստոսի 24-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցել է Լեգենդների արահետի բացմանը, որը Սյունիքի մարզում կապում է Գորիս ու Կապան քաղաքները: 300 կմ երկարություն ունեցող արահետը նախագծվել է «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացումը պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում: Բացման արարողության ժամանակ հյուրերը փորձարկել են արահետի 5 կմ-ը՝ հնարավորություն ունենալով տեսնել Կախարդական անտառը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջը:
«Շատ ուրախ եմ մասնակցել Լեգենդների արահետը պաշտոնական բացմանը: Համայնքային զարգացումը ԵՄ առաջնային գերակայություններից է, և իմ անձնական ուշադրությունն ուղղված է այն նախաձեռնությունների խթանմանը, որոնք թույլ են տալիս Հայաստանի քաղաքացիներին և զբոսաշրջիկներին վայելել այս երկրի գեղեցկությունը, միևնույն ժամանակ ակտիվ կենսակերպ վարել: Կարող եմ միայն խրախուսել ձեզ արշավ պլանավորել Լեգենդների արահետում և բացահայտել թեյատները, հյուրատները, Կախարդական անտառն ու այլ ծառայություններ, որոնք համայնքի բնակիչները ստեղծել են ԵՄ աջակցությամբ»,- նշել է ԵՄ դեսպանը:



