
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում իսկապես ասել է, որ Մոսկվան կպատասխանի Կիևի կողմից ռուսական ավիաբազաների վրա հարձակմանը։ Սա լրագրողներին հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո՛, իսկապես», - պատասխանել է նա, երբ լրագրողները հարցրել են, թե արդյոք նման հայտարարություն իրականում արվել է։
Պեսկովը նշել է, որ պատասխանը կլինի այն ժամանակ, երբ ռուսական զինվորականները դա նպատակահարմար համարեն։
Հունիսի 4-ին Թրամփը հաղորդել էր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին։ Նա ասել էր, որ զրույցի թեմաներից մեկը Ուկրաինայի կողմից ռուսական ռազմավարական ավիացիան տեղակայող օդանավակայաններին հարվածելու գործողությունն էր՝ FPV անօդաչու սարքերի կիրառմամբ։
Հունիսի 1-ին ուկրաինական անօդաչու սարքերը միաժամանակ հարձակվել են Ռուսաստանի տարբեր մասերում գտնվող ռազմական օբյեկտների վրա։ Զինվորականների կամ քաղաքացիական անձնակազմի շրջանում զոհեր չեն եղել։