Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանցկացնի Անվտանգության խորհրդի արտապլանային նիստ, տեղեկացրել է Brief-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպումը, որը սովորաբար տեղի է ունենում ուրբաթ օրերին, այս անգամ տեղի կունենա երկու օր շուտ այն բանից հետո, երբ Ուկրաինայի բանակը խուժել է Կուրսկի մարզի տարածք եւ, զինթղթակիցների տվյալներով, կարողացել է ամրանալ ու մի քանի գյուղեր նվաճել։
ԱԽ-ում հանդիպումից առաջ, որի մշտական անդամներն են բոլոր ուժային կառույցների ղեկավարները, խորհրդարանի երկու պալատների ղեկավարները եւ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ քարտուղար Սերգեյ Շոյգուն, Պուտինը խորհրդակցություն կանցկացնի կառավարության անդամների հետ, նշել է Brief-ի աղբյուրը։
ՌԴ ՊՆ-ն, որը նախօրեին հայտնել էր, որ կարողացել է հետ մղել ուկրաինական ուժերին Կուրսկի մարզից, չորեքշաբթի խոստովանել է, որ մարտերը մարզի տարածքում շարունակվում են։ Մարտական գործողությունների գոտի են դարձել «ռուս-ուկրաինական սահմանին անմիջականորեն հարող տարածքները», վկայում է գերատեսչության հաղորդագրությունը։
«Два майора» թելեգրամ-ալիքը գրում է, որ ուկրաինական զորքերը գտնվում են 11 բնակավայրերում՝ Լյուբիմովկայում, Օբուխովկայում, Պոկրովսկոյեում, Զելյոնիե Շլյախիում, Տոլստի Լուգում, Նիժնի Կլինում, Նիկոլայեւո-Դարյինոյում, Դարյինոյում, Սվերդլիկովոյում, Լեբեդեւկայում։ ՊՆ մամուլի ծառայության նախկին աշխատակից, «Ռիբար» պարբերականի հեղինակ Միխայիլ Զվինչուկը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ի գիշերվա ժամը 1-ին ուկրաինական ԶՈւ-ի հսկողության տակ էին գտնվում Նիկոլայեւո-Դարյինոն, Դարյինոն, Սվերդլիկովոն։ Չորեքշաբթի առավոտյան, «Ռիբարի» տեղեկացմամբ, մարտերն ընթանում էին Գոնչարովկայում, ինչպես նաեւ «Օլեշնյայում, որտեղ ռուս զինծառայողները հայտնվել են «լիակատար շրջափակման մեջ»։
Չնայած պահեստայինների առկայությանը՝ ուկրաինացիներին հաջողվել է «հարձակումը զարգացնել», գրել է «Два майора»-ն։ Առաջ են գնացել մոտ 15 կիլոմետր։ Հակառակորդը շարունակում է նորանոր գումարտակներ մտցնել։ Ուկրաինայի ԶՈւ 22-րդ մեքենայացված բրիգադը արդեն լիովին մտել է մեր տարածք»։
Պաշտոնական տվյալներով մարտական գործողությունների մեկ օրում տուժել է Կուրսկի մարզի 28 բնակիչ, հիմնականում Սուջայի եւ Կորենեւի շրջաններում, երեք հոգի զոհվել է։ Վեց ռուս զինծառայող, երկուսը՝ ժամկետային, ուկրաինական գերության մեջ են ընկել։



