
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մայիսին Մոսկվա կատարած այցի ընթացքում ոչ միայն ներկա կգտնվի Կարմիր հրապարակում կայանալիք Հաղթանակի շքերթին, այլև կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Սերբիա կատարած այցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը։
«Ես շատ ուրախ եմ, որ կրկին սերբական հողում եմ: Սուրբ հող ցանկացած ռուս մարդու համար: Այստեղ միշտ շատ լավ հյուրընկալություն կա: Երբ գալիս ես Սերբիա, զգում ես եղբայրական ժողովրդին ինչպես փողոցում, այնպես էլ անձնական հաղորդակցության մեջ: Ուստի, ես միշտ շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Տարին շատ կարևոր է, Հաղթանակի 80-ամյակն է:
Անցյալ հոկտեմբերին այստեղ նշվեց Բելգրադի ազատագրումը։ Մենք շատ ուրախ ենք, որ Սերբիայի նախագահ Վուչիչը կլինի Մոսկվայում, և, իհարկե, կլինեն հանդիպում և բանակցություններ ՌԴ նախագահի հետ»,- ասել է Օրեշկինը հանրապետության կառավարությունում միջազգային տնտեսական համագործակցության հարցերով նախարար Նենադ Պոպովիչի հետ խորհրդակցություններից հետո։