Մեր գլխավոր նպատակն այն էր, որ ՔՊ-ն չպետք է Եղեգնաձորում կառավարում ունենար։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Եղեգնաձորի նորընտիր ավագանիում «Նոր դարաշրջան» (այս կուսակցությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս է կազմում–խմբ) խմբակցության միակ անդամ Նարտին Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ իր ձայնից էր կախված՝ համայնքապետ կընտրվի ՔՊ–ի թեկնածուն, թե՞ «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն։
Դիտարկմանը, որ նախկինում ինքը հայտարարել էր, որ ձայն չի տա և ՔՊ–ին, և պրոիշխանական համարվող «Հանրապետություն» կուսակցությանը, ինչ փոխվեց, որ ձայն տվեց «Հանրապետության» թեկնածոին, նա պատասխանեց. «Ես «Հանրապետությունը» պրոիշխանական ուժ համարել եմ ու համարում եմ, բայց կուսակցության մակարդակով։ Դուք ներկա էիք, տեսաք, թե ավագանու նիստում ինչ կատարվեց, ակնհայտ պայքար էր գնում, դիմադրություն էր գնում։ Ես որոշումը այսօր եմ կայացրել։
Ես իմ աչքով ականատես եղա այդ պայքարին, դիմադրություն տեսա, այսինքն իմ ընկալմամբ՝ Եղեգնաձորի ավագանիում «Հանրապետություն» կուսակցության ցուցակով առաջադրված ավագանու թեկնածուները հոգով ընդիմություն են, ընդիմադիր են։ Ես չգիտեմ, թե ինչ պատճառներ են եղել «Հանրապետություն» կուսակցության ցուցակով առաջադրվելու համար, բայց ես համոզված եմ, որ դա ձևականություն էր։
Եթե անկեղծ լինեմ, ճանաչելով շատերին ավագանիներից, ես նախ զարմացել եմ, երբ իմացա, որ իրենք «Հանրապետություն» կուսակցությունով են առաջադրվելու, որովհետև ավանդաբար Դավիթ Հարությունյանը ԲՀԿ-ի ցուցակով էր առաջադրվում։ Ինձ համար տարօրինակ էր, երբ իմացա, որ «Հանրապետություն» կուսակցությունով են առաջադրվել։
Իմ համոզմունքը ապացուցվեց, հիմնավորվեց, պնդվեց, որ այս մարդկանցից, չեմ կարող ասել բոլոր 13-ը, բայց մեծամասնությունը ընդիմություն են»,–ասաց նա։
Մարտին Հարությունյանը հայտարարեց, որ իր այսօրվա քվեարկության մասով ինքը չի խոսել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի կամ Նարեկ Կարապետյանի հետ, նրանց կողմից որևէ ցուցում կամ հրահանգ չի եղել։
Հարցին՝ իր այսօրվա քվեարկության հետ կապված իր վրա ճնշումներ եղե՞լ են, Մարտին Հարությունյանը պատասխանեց. «Կարելի է ասել՝ համարյա ոչ։ Անկեղծ ասեմ, «Հանրապետություն» կուսակցությունից բացարձակ ճնշում, պայմանավորված չի եղել, ՔՊ-ի կողմից մեղմ որակեմ, համարյա չի եղել»։
Նա ընդգծեց, որ պատրաստ է աշխատել ավագանու բոլոր անդամների հետ, այդ թվում ՔՊ–ականների։
Նշենք, որ Եղեգնաձորում հոկտեմբերի 25–ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Եղեգնաձորի նոր ավագանիում 27 մանդատից 13–ը բաժին է հասել ՔՊ–ին, 13–ը՝ «Հանրապետություն» կուսակցությանը և 1 մանդատ ստացել է «Նոր դարաշրջանը», որը «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս է կազմում։
Սա նշանակում է, որ Եղեգնաձորում համայնքի ղեկավար դառնալու համար թե ՔՊ–ին, թե «Հանրապետությանը» պակասում է մեկ մանդատ, և այդ մեկ մանդատը «Նոր դարաշրջանի» ձեռքին է։ «Նոր դարաշրջանի» ավագանու անդամ Մարտին Հարությունյանը որոշեց, որ քվեարկելու է Դավիթ Հարությունյանի օգտին։



