Պուտինը խոսել է տարբեր ոլորտներում Հայաստանի...

Հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով է հանդես եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նշել է, որ երկու երկրների միջև հաստատվել է բովանդակալից երկխոսություն և արդյունավետ համագործակցություն տարբեր ուղղություններով։ Այս մասին գրում է РИА Новости լրատվակն գործակալությունը։ Նա մասնավորապես ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա, կրում են իսկապես դաշնակցային բնույթ եւ երկու պետությունների միջև առկա է էական քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տարբեր ոլորտներում: Ռուսաստանի նախագահը Հայ-ռուսական կապերի զարգացման գործում կարեւորել է միջտարածաշրջանային համագործակցությունը, որը հնարավորություն է տալիս իրականացնել փոխշահավետ նախագծեր տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում։

Պուտինը կարևորել է, որ համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունները, գիտական, փորձագիտական և գործարար շրջանակները կարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ օրակարգի հարցեր և նախանշել հետագա համատեղ աշխատանքի ուղիները:

«Հուսով եմ, որ համաժողովը կանցնի ստեղծագործական, կառուցողական ձևով, սկիզբ կդնի նոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն ռուս-հայկական բեղմնավոր գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խթանմանը»,-հավելել է Պուտինը՝ հաջողություն մաղթելով ֆորումի մասնակիցներին: