Պուտինը կարող է տարվա վերջին Հնդկաստան այցելե...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան սպասվում է տարվա վերջին: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին Մոսկվայում ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալը։

«Մենք այժմ շատ լավ հարաբերություններ ենք հաստատել, որոնք շատ ենք գնահատում, ռազմավարական գործընկերություն մեր երկրների միջև։ Մենք փոխգործակցում ենք բարձր մակարդակով.... Մենք ուրախ էինք իմանալ նախագահ Պուտինի՝ տարվա վերջին մեր երկիր կատարելիք այցի մասին», - ասել է Դովալը։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցը Մոսկվա տեղի է ունեցել 2024 թվականի հուլիսին։ Այցի ընթացքում, մասնավորապես, տեղի է ունեցել ռուս-հնդկական 22-րդ ամենամյա գագաթնաժողովը։ Այդ ժամանակ Մոդին Պուտինին հրավիրել է այցելել Հնդկաստան։ 2025 թ. մայիսին Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Մոդին հաստատել է Պուտինին Հնդկաստան այցելելու հրավերը, որը շնորհակալությամբ է ընդունվել։