Ռուսաստանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը հաստատվել է գործնականում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ գլոբալ միջուկային անվտանգության ոլորտում։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ։
«Համագործակցություն է հաստատվել գործնականում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռուսական էներգետիկայի զարգացման, Ռուսաստանից դուրս նախագծերին Ռուսաստանի մասնակցության և այլ հարցերի, առաջին հերթին՝ համաշխարհային միջուկային անվտանգության հարցում», - ասել է Պուտինը։
Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը փորձում է օգնություն տրամադրել ԱԷՄԳ-ին կարևոր խնդիրների լուծման գործում։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս կառուցողական փոխգործակցության համար և վստահեցնել, որ կանենք մեզնից կախված ամեն ինչ ձեր աշխատանքին աջակցելու համար», - ասել է Պուտինը։
Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Գրոսիին Մոսկվա կատարած այցի և Գլոբալ ատոմային ֆորումին մասնակցելու համար։
Իր հերթին Ռաֆայել Գրոսին նշել է, որ շատ երկրներ հետաքրքված են «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությամբ։
«Ռուսաստանն առաջատար դեր է խաղում շատ երկրներում, և շատ երկրներ հետաքրքրված են «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությամբ, մենք դա տեսնում ենք այսօր. դրանք Ասիայի և Աֆրիկայի երկրներն են։ Սա իսկապես կարևոր պահ է, և Գործակալության ներկայությունը նույնպես կարևոր է նման նախագծերին աջակցելու և դրանք կառուցողական ձևով իրականացնելու համար», - նշել է նա։
Գրոսին ընդգծել է Ռուսաստանի հետ միջուկային անվտանգության և միջուկային զենքի չտարածման վերաբերյալ հարցերի քննարկման կարևորությունը։
Պուտինի և Գրոսիի հանդիպմանը մասնակցել է նաև «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։



