Պուտինը և Սի Ծինփինը «բովանդակալից և արդյունա...

ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը բովանդակալից և արդյունավետ է անվանել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Կրեմլում կայացած բանակցությունները և նշել, որ երկու երկրների հարաբերությունները հասել են պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Բացի այդ, երկու երկրների ղեկավարները բանակցությունների արդյունքներով ընդունել են համապարփակ գործընկերության հարաբերությունների և ռազմավարական փոխգործակցության հետագա խորացման մասին հայտարարություն։

Պուտինը և Սի Ծինփինը նաև ընդունել են համատեղ հայտարարություն համաշխարհային ռազմավարական կայունության մասին։

Կրեմլում անցկացված բանակցությունների արդյունքում Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները նաև ստորագրել են մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։ Արարողությունը տեղի է ունեցել երկու նախագահների ներկայությամբ։ 

Չինաստանի ղեկավարը մայիսի 8-ին ՌԴ նախագահի հետ բանակցություններից հետո մայիսի 9-ին կմասնակցի Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։