Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը արձագանքել է ռուսաստանցի հայտնի հասարակական գործիչ, եվրասիական ինտեգրման գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի դստեր՝ լրագրող Դարյա Դուգինայի սպանությանը՝ ցավակցական հեռագիր հղելով նրա ծնողներին: Ինչպես գրված է Կրեմլի պաշտոնական կայքէջում հրապարակված հեռագրում, Ռուսաստանի նախագահը ստոր և դաժան հանցագործություն է որակել Դարյա Դուգինայի սպանությունը:
Կրեմլի ղեկավարն իր անկեղծ ցավակցությունն ու աջակցության խոսքերն է հայտնել նրա ծնողներին՝ Ալեքսանդր Դուգինին և Նատալյա Մելենտիևային՝ նրանց պատուհասած ծանրագույն, անդառնալի կորստի կապակցությամբ:
«Ստոր և դաժան հանցագործությունը ընդհատեց Դարյա Դուգինայի՝ պայծառ, տաղանդավոր մարդու, իսկական ռուսական սիրտ ունեցող, բարի, սիրող, գթասիրտ ու անկեղծ անձնավորության կյանքը: Լրագրող, գիտնական, փիլիսոփա, ռազմական թղթակից. նա ազնվորեն ծառայում էր մարդկանց, հայրենիքին և գործով էր ապացուցում՝ ինչ է նշանակում լինել Ռուսաստանի հայրենասեր», - նշել է Պուտինն իր հեռագրում: