Պուտինն ընտրեց կանխամտածված պատերազմը, որը բե...

Այսօր երեկոյան ամբողջ աշխարհի աղոթքները Ուկրաինայի ժողովրդի հետ են, որը տառապում է ռուսական զինված ուժերի չարդարացված հարձակումից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Նախագահ Պուտինն ընտրեց կանխամտածված պատերազմը, որը բերելու է աղետալի մարդկային զոհերի եւ տառապանքների: Միայն Ռուսաստանն է կրում պատասխանատվություն ոհերի ու ավերածությունների համար, որը կբերի այս հարձակումը, եւ ԱՄՆ-ն, իր դաշնակիցները եւ գործընկերները կպատասխանեն միասնական ու վճռական կերպով: Աշխարհը պատասխանատվության կենթարկի Ռուսաստանին:

Այսօր երեկոյան ես հետեւելու եմ իրավիճակին Սպիտակ տնից եւ շարունկլու եմ պարբերաբար ստանալ տեղեկություններ ազգային անվտանգության հարցերով իմ թիմից: Վաղը ես կհանդիպեմ G7-ի իմ գործընկերների հետ, ապա կդիմեմ ամերիկյան ժողովրդին, որպեսզի հայտարարեմ հետագա քայլերի մասին, որոնք ԱՄՆ-ն, իր դաշնակիցներն ու գործընկերները կգործադրեն Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի դեմ, գլոբալ խաղաղության ու անվտանգության դեմ այս ագրեսիայի համար:

Մենք նաեւ կհամակարգենք մեր գործողությունները ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ, որպեսզի ապահովենք վճռական, միասնական պատասխան, որը կկանխի ցանկացած ագրեսիա ընդդեմ Հյուսիսատլանտյան դաշինքի: Այսօր երեկոյան ես Ջիլլի հետ կաղոթեմ Ուկրաինայի խիզախ ու հպարտ ժողովրդի համար»,-ասված է ԱՄՆ նախագահի հայտարարությունում: