Շաբաթներ առաջ Politik.am-ը տեղեկացրել էր համացանցում տարածված տեսանյութի մասին (այն դիտել է ավելի քան 450 հազար օգտատեր), որը բացահայտում էր Նիկոլ Փաշինյանի օրոք հայկական բանակում տիրող իրավիճակը։ Կադրերում երևում է, թե ինչպես շվեյցարացի Սանդրո Շմիդը մոտոցիկլով հասնում է մարտական հենակետ։ Նրան մոտեցող զինվորականներից մեկը (հագուստից ենթադրվում է՝ սպա կամ հենակետի ավագ) բացահայտ հայհոյում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նրա կողքին կանգնած են այլ զինվորականներ ևս։
Մեր հրապարակումից հետո մենք կոչ արեցինք, որ ՀՀ ՊՆ-ն արձագանքի և ծառայողական քննություն սկսի։ Ժամեր անց ՊՆ-ն հայտարարեց․
«ՀՀ պաշտպանության նախարարությունը, ի պատասխան ԶԼՄ հարցումների, հայտնում է, որ այդ կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով»։
Սակայն օրեր առաջ մեր աղբյուրները փոխանցեցին, որ տվյալ զինվորականին ոչ միայն չեն պատժել, այլև խրախուսել են։ Ըստ նույն աղբյուրի, բանակում հակառուսական տրամադրությունները խրախուսվում են, իսկ եթե որևէ մեկը դրական է վերաբերվում Ռուսաստանի նկատմամբ, նա կարող է խնդիրներ ունենալ կամ անգամ հեռացվել ծառայությունից։ Տվյալ դեպքում տեսանյութի հերոս զինվորականը ամսվա ավարտին ստացել է դրամական միջոցի խրախուսանք, ինչը ինքն ու ծառայակիցները համարել են Պուտինին հայհոյելու համար խրախուսանք։ Եթե այս տեղեկատվությունը հաստատվի, ապա հաստատված կհամարվի նաև այն, որ հակառուսական տրամադրությունները բանակում պետական քաղաքականություն են։
Politik.am-ը օրեր առաջ փորձեց ճշտել ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից՝ ինչ արդյունք է տվել ծառայողական քննությունը։ Մեր հարցը սակայն անպատասխան մնաց։



