Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Կրեմլի հետ շփումներում։ Այս մասին գրում է Bild-ը:
Նա նաև քննադատել է կանցլերին այդ հեռախոսազանգի համար։
«Ամենակարևորը հասկանալն է, որ այժմ մենք չենք կարող թույլ տալ Կրեմլի ուշադրության համար նոր մրցավազք։ Եվրոպական երկրների ղեկավարների և Պուտինի միջև համակարգված կամ չհամակարգված հեռախոսազրույցները ոչինչ չեն տա»,- ասել է նա ARD-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Շոլցը 2022 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ՝ կոչ անելով դադարեցնել պատերազմը, դուրս բերել զորքերն Ուկրաինայից: Նա ընդգծել է, որ Գերմանիան կաջակցի Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
Մինչդեռ Պուտինն ասել է, որ հնարավոր պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն Ռուսաստանի շահերն անվտանգության ոլորտում, հիմնված լինեն նոր տարածքային իրողությունների վրա, և ամենակարևորը՝ վերանան հակամարտության բուն պատճառները։