Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի առաջին հեռախոսազրույցը վերջինիս վերընտրվելուց հետո ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց։ Արդեն իսկ ուշագրավ է, որ զրույցը տեղի ունեցավ հայկական կողմի նախաձեռնությամբ։ Սակայն առավել խոսուն էր մեկ այլ հանգամանք․ Ռուսաստանի նախագահը նույնիսկ չշնորհավորեց Փաշինյանին վերընտրվելու կապակցությամբ։ Դիվանագիտական հարաբերություններում նման լռությունները հաճախ ավելի խոսուն են լինում, քան ամենաերկար հայտարարությունները։
Սա, թերևս, կարելի է դիտարկել որպես Պուտինի հերթական քաղաքական ապտակը Փաշինյանին։ Ընդ որում՝ սա առաջին դեպքը չէ։ Դեռևս շաբանթեր առաջ Ռուսաստանի նախագահը չգտավ ժամանակ Եկատերինբուրգ մեկնած Փաշինյանի հետ առանձին հանդիպում անցկացնելու համար։ Այժմ էլ առաջին հեռախոսազրույցը վերընտրվելուց հետո տեղի է ունենում հենց հայկական կողմի նախաձեռնությամբ, սակայն նույնիսկ այդ դեպքում Պուտինը հարկ չի համարում շնորհավորել նրան։ Իսկ պաշտոնական հաղորդագրության մեջ անտեսվում է Երևանի համար առաջնային ներկայացված տնտեսական թեման՝ ամբողջ ուշադրությունը տեղափոխելով մեկ այլ հարցի վրա։
Էլ ավելի ուշագրավ են երկու կողմերի հրապարակած պաշտոնական հաղորդագրությունները։ Երևանի տարբերակում հիմնական շեշտը դրված է տնտեսական խնդիրների վրա։ Փաշինյանը դժգոհում է հայկական ապրանքների՝ ռուսական շուկա արտահանման սահմանափակումներից, հայտարարում, որ դրանք հակասում են երկկողմ պայմանագրերին և ԵԱՏՄ կանոններին, ու խնդրում է միջոցներ ձեռնարկել։ Սակայն Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում այդ ամենի մասին բառ անգամ չկա։ Կարծես այդ թեման ընդհանրապես արժանի չի համարվել հիշատակման։ Փոխարենը ռուսական կողմը կարևորել է միայն մեկ հարց՝ Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ Եվրամիությանն անդամակցելու, թե Եվրասիական տնտեսական միությունում մնալու վերաբերյալ։
Հատկանշական է նաև, որ հայկական կողմը փորձել է մեղմել այդ շեշտադրումը՝ հայտարարելով, թե հանրաքվեն գործնականում հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրամիությանը անդամակցելու համար և հարցը դառնա առարկայական։ Սակայն Մոսկվան այդպիսի վերապահում չի անում։ Ընդհակառակը, իր պաշտոնական հաղորդագրությամբ ցույց է տալիս, որ հենց այդ հարցն է համարում հեռախոսազրույցի առանցքային քաղաքական թեման։ Ստացվում է, որ Երևանն ու Մոսկվան նույն զրույցից հետո հանրությանը ներկայացնում են գրեթե տարբեր օրակարգեր։
Դիվանագիտության մեջ ոչ միայն ասված խոսքերն են կարևոր, այլև այն, թե ինչն է ընդգծվում և ինչը՝ շրջանցվում։ Երբ մի երկրի ղեկավարը ստիպված ինքն է նախաձեռնում հեռախոսազրույցը, չի ստանում նույնիսկ արարողակարգային շնորհավորանք, իր բարձրացրած տնտեսական խնդիրները չեն արժանանում նույնիսկ պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակման, իսկ փոխարենը հրապարակային օրակարգ է դառնում Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հարցը, դժվար է դա գնահատել որպես հավասար գործընկերային հարաբերությունների դրսևորում։
Այս հեռախոսազրույցից հետո ամենակարևոր հարցը մնում է անպատասխան․ եթե Հայաստանի համար առաջնային խնդիրը տնտեսական ճգնաժամն ու ռուսական շուկայում առաջացած արգելքներն էին, ապա ինչո՞ւ Կրեմլը նույնիսկ հարկ չհամարեց դրանք ներառել իր պաշտոնական հաղորդագրության մեջ։ Փոխարենը Մոսկվան ընտրեց բոլորովին այլ ուղերձ։ Իսկ դիվանագիտության մեջ, ինչպես հայտնի է, պաշտոնական հաղորդագրություններում պատահական բառեր չեն լինում։ Առավել ևս՝ պատահական լռություններ։



