
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել միջին մասնագիտական որակավորմամբ կրթական ծրագրերի լիցենզավորման կարգերում փոփոխություններ և լրացումները կատարելու նախագիծը:
Փոփոխությունը բխում է 2024 թվականին ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի կիրարկմամբ:
Ըստ այդմ` առաջարկվում է մասնագիտական կրթության ոլորտում սահմանել կրթական ծրագրերի երկու մակարդակ:
- Առաջարկվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի փոխարեն սահմանել մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրեր: Մասնագիտական կրթության առաջին մակարդակի կրթական ծրագրերի իրականացման արդյունքում կշնորհվի արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորում:
- Որպես երկրորդ մակարդակ՝ միջին մասնագիտական կրթական ծրագրերը կփոխարինվեն մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերով: Մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի կրթական ծրագրերի իրականացման արդյունքում կշնորհվի մասնագետի որակավորում:
Նախագծի համապատասխան հավելվածներում սահմանվել են նաև մասնագիտական կրթության առաջին և երկրորդ մակարդակների համար կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգերը և ձևերը:
Սահմանվել են նաև աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթերը՝ հուշագիր, պայմանագիր, համապատասխան մարդկային ռեսուրսներ և այլն:
Կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման համար կարևորվում են ենթակառուցվածքների՝ շենքային, լսարանային, լաբորատոր, սպորտային և գրադարանային պայմանների առկայությունը, ինչպես նաև ուսումնական հաստատությունների հինգ տարվա ռազմավարական ծրագիրը: Լիցենզիայի տրամադրման պայմանները փոխկապված են որակավորման առանձնահատկությունների հետ և նախատեսում են համապատասխան գույքի և սարքավորումների, գործընկեր կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրային բազայի, մանկավարժական և ուսումնաօժանդակ աշխատողների առկայություն։
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է լուծել ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք հիմնարար խնդիրներ, ինչը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի պատրաստմանը, մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գործատուների ներգրավմանը և սոցիալական գործընկերության ընդլայնմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը և որակավորումների փոխճանաչմանը:
Շահագրգիռ կառույցները և քաղաքացիները նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի ապրիլի 29-ը: