Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում դիվանագիտ...

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն  ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում Տիգրան Խաչատրյանը, բարձր գնահատելով Եվրոպական Միության հետ վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում Եվրամիության հետ համագործակցությունն առավել զարգացնելու, ինչպես նաև՝ ընդլայնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար:

Անդրեա Վիկտորինն  իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և իր պաշտոնավարման ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ երկկողմ ակտիվ համագործակցությունը դեռևս կշարունակի ամրապնդվել ու զարգանալ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել ոռոգման ենթակառուցվածքների զարգացման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությանը, «կանաչ» տնտեսական օրակարգի առաջմղմանը, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր ուղղություններին: