Իրանը գիտի տարածաշրջանում հակառակորդի ուժերի...

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբբին հայտարարել է, որ Իրանը մշտապես հետևում է հակառակորդին և ամբողջական տեղեկություններ ունի տարածաշրջանում նրա ուժերի թվաքանակի, սպառազինության և գործողությունների հնարավոր ծրագրերի մասին, հաղորդում է Mehr-ը։

Հինգշաբթի ելույթ ունենալով «Բասիջ» կազմակերպության ուսանողների առջև՝ Մոհեբբին նշել է, որ հակառակորդը պարտություն է կրել քաղաքական և ռազմական ոլորտներում, սակայն դեռ կարող է ռազմական գործողություններ ձեռնարկել՝ որոշակի հաջողությունների հասնելու համար։

Գեներալը նշել է, որ Իրանը ցանկացած հնարավոր սպառնալիք դիտարկում է որպես իրական վտանգ։

«Ռազմական ոլորտում մենք բոլոր հնարավոր սցենարները դիտարկում ենք որպես հարյուր տոկոսանոց սպառնալիք և այդ պատճառով հակառակորդին հակազդելու հարյուր տոկոսանոց պատրաստականություն ենք պահպանում»,- հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչը։

Մոհեբբին ընդգծել է, որ իրանական ուժերը մշտապես հետևում են հակառակորդի գործողություններին և, իր պնդմամբ, գիտեն տարածաշրջանում նրա զորքերի թվաքանակը, տեղափոխված ինքնաթիռների քանակն ու տեսակները, սպառազինության կազմը և տեղակայման վայրերը։ Իրանին հայտնի են նաև այդ միջոցների հնարավոր առաջադրանքներն ու հակառակորդի օպերատիվ ծրագրերը, հավելել է իրանցի բարձրաստիճան զինվորականը։

ԻՀՊԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատում են ակտիվ ռեժիմով, իսկ երկիրը նման համալիրներ արտերկրից ներմուծելու կարիք չունի։

Մոհեբբիի գնահատմամբ՝ պատերազմի դադարեցումը կախված է մի շարք պայմաններից, ընդ որում՝ դրանք ավելի լավ կարող են գնահատել մարտական գործողությունների անմիջական մասնակիցները։