Փոխնախարարը հրապարակել է գոյություն չունեցող...

Այսօր ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․««Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» «ՀՀՌՑ» ՓԲԸ-ն, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների՝ Հեռոստատեսության և ռադիոյի հանձնաժողովի «ՀՌՀ» կողմից վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը, արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում»:

Փոխնախարարի գրառումից անմիջապես հետո «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ « Հարգելի և սիրելի ընկերներ Սեփական դիմումիս համաձայն այսօր ազատվել եմ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնից»։

Politik.am-ի տեղեկություններով Մուշեղ Միլիտոնյանը ազատման դիմում է գրել, քանի որ ի պաշտոնե իր ստորագրությամբ պետք է արգելվեին «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում, սակայն փոխնախարարն առանց Միլիտոնայնի գիտության հրապարակել է իր գրառումը չունենալով պաշտոնական փաստաթուղթ, ենթադրելով, որ ՓԲԸ գլխավոր տնօրենը հլու հնազանդ կստորագրի որոշումը, որը ինքը չի կայացրել։

Ստացվում է, որ փոխնախարարը հրապարակել է «ՀՀՌՑ» ՓԲԸ անունից որոշում, որն իրականում գոյություն չունի և ապօրինի է։

Մենք կապ հաստատեցինք Միլիտոնյանի հետ մեկնաբանություն ստանալու խնդրանքով, սակայն նա հրաժարվեց պատասխանել մեր հարցին, ասելով, որ չունի մեկնաբանություն։