Փոխհրաձգություն Բալթիմորում. զոհվել է մեկ մար...

ԱՄՆ Մերիլենդի նահանգի Բալթիմոր քաղաքում կիրակի երեկոյան տեղի ունեցած  փոխհրաձգության հետեւանքով զոհվել է մեկ մարդ, յոթ հոգի վիրավորվել եւ հոսպիտալացվել է, տեղեկացրել է NBC News-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Բալթիմորի ոստիկանության կոմիսար Ռիչարդ Ուորլին հայտնել է, որ զոհվել է 36-ամյա մի տղամարդ։

Նրա խոսքով՝ վիրավորներից վեցը տղամարդիկ են, մեկը՝ կին, 22-45 տարեկան։

Ուորլին տեղեկացրել է, որ տուժածներից ոմանք ծայրահեղ ծանր վիճակում են, ոմանց վիճակը կայունացվել է։

Ոստիկանության կոմիսարի խոսքով՝ բռնության մասին տեղեկությունն ստացվել է երեկոյան ժամը 8-ից հետո Սփրինգ սթրիթ թաղամասից։

«Մի ինչ-որ պահի, ըստ երեւույթին, մի քանի հոգի կրակ են բացել»,- ասել է նա։

Նա պատմել է, որ քննիչները հայտնաբերել են մի քանի զենք, իսկ ԱՄՆ ալկոհոլի, ծխախոտի, հրազենի եւ պայթուցիկների վերահսկման բյուրոն օգնություն է ցուցաբերում հետաքննությանը։