ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ...

Հաշվի առնելով ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալում մեկնարկած վերանորոգման աշխատանքները՝ այստեղ բուժօգնություն ստացող որոշ քաղաքացիներ բուժումը ժամանակավորապես կշարունակեն քաղաքացիական հիվանդանոցներում:

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության զարգացման շրջանակներում մշտապես իրականացվում են հոսպիտալների շենքային պայմանների բարելավման և գործիքային վերազինման աշխատանքներ։

Ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացվում ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, որի պատճառով բուժօգնության ծավալները խիստ սահմանափակվել են և որոշ բաժանմունքներում բուժական գործընթացը դադարեցվել է։

Նկատի ունենալով նշված հանգամանքը, մինչև վերանորոգման ավարտը և հոսպիտալի բնականոն աշխատանքների վերականգնումը զինծառայողների ընտանիքի անդամների, երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակառուների, մարտական գործողությունների մասնակիցների և զինծառայողներին հավասարեցված անձանց բուժօգնությունը կկազմակերպվի քաղաքացիական բժշկական հաստատություններում՝ պետության կողմից երաշխավորված բուժօգնության կազմակերպման ծրագրի շրջանակներում»,- մասնավորապես գրել է նա: