ՊՆ կապիտանը պարգևատրվել է՝ Կարմիր գրքում գրան...

Հուլիսի 9-ին ՊՆ կապիտան Է.Ս.Մկրտչյանը Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում նկատել էր ուժասպառ ու անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթ և անմիջապես կապ հաստատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Նույն օրը, ԲԸՏՄ տեսուչները ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի հյուծված քոթոթին նախնական խնամքի համար փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն, որից հետո քոթոթը տեղափոխվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ բնական միջավայրում ստանում է հատուկ խնամք։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի հրամանով ՊՆ կապիտան Է.Ս.Մկրտչյանը պարգևատրվել է շնորհակալագրով։

ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը շնորհակալագիրը հանձնելիս երախտագիտություն է հայտնել զինծառայողին՝ կենսաբազմազանության նկատմամբ ցուցաբերած հոգատար և պատասխանատու վերաբերմունքի համար։