Կառավարությունը 2021 թվականի ընթացքում տնտեսավարողներին է վերադարձրել 146 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկի գումար՝ 2017-ի 60 մլրդ դրամի համեմատ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:
«Մենք հարկեր-ՀՆԱ առումով ունեցել ենք աննախադեպ ցուցանիշ, երբ ՀՆԱ-ի 22.7 տոկոսն արձանագրել ենք հարկային եկամուտների ձևով: Մենք միջնաժամկետում ունենք խնդիր՝ այդ ցուցանիշը հասցնել 25 տոկոսի: Դա, իհարկե, հեշտ չի լինելու նաև հարկային դրույթները նվազեցնելու ֆոնին, բայց մենք այդ խնդիրը դրել ենք և պետք է փորձենք լուծել»,-ասաց Փաշինյանը:
2021-ի ընթացքում 146 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկի գումարի է վերադարձվել տնտեսավարողներին: Վարչապետը պարզաբանեց՝ արտահանման պարագայում ԱԱՀ-ն վերադարձվում է տնտեսավարողներին:
«ԱԱՀ-ի առանձնահատկություններից ելնելով՝ ներքին շրջանառության ընթացքում նաև գոյանում են դեբետային գումարներ: Եվ 2021-ի ընթացքում 146 մլրդ դրամ մենք վերադարձրել ենք տնտեսավարողին: 2017-ին ԱԱՀ-ի վերադարձը կազմել է 60 մլրդ դրամ, 2017-ի նկատմամբ 140 տոկոսով ավելացրել ենք ԱԱՀ-ի վերադարձը»,-ասաց վարչապետը:



