Օրերս «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անդրադառնալով ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակին՝ ասել էր, որ Վահան Շիրխանյանը լավ կանի՝ ասի, թե ինչ եղավ 1 միլիոն դոլարի ադամանդի գործը։ «Ես կուզենայի, որ դուք 1990թ. Գերագույն խորհրդի իրավական հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանին մի հարց ուղղեիք, որ ճշտեք, թե այդ ժամանակներում ինչ հարց էր քննվում՝ կապված Վահան Շիրխանյանի հետ, ու ինչու Շիրխանյանը չդատվեց։ Խոսքը մեկ միլիոն դոլար արժողությամբ ադամանդի թալանի մասին է, որը պետք է վերածեին գումարի ու զենք ձեռք բերեին։ Ես այդ թվերին հիմնականում գործուղված եմ եղել Ղարաբաղ, և հանձնաժողովի շատ նիստեր առանց ինձ են գումարվել։ Հիշում եմ, որ մի նիստի ժամանակ այս առյուծ կտրած Շիրխանյանը, որ իբրև թե Ստեփանակերտում Ռ. Քոչարյանին ասել է՝ «դու անասուն ես», այս ի՞նչ ես անում, ու դրանից հետո առոք-փառոք եկել, հասել է Հայաստան, հետո մուկ կտրած՝ աղերսում էր, որ այդ 1 միլիոն դոլարի ադամանդի թալանի գործը փակվի։ Մարդ, ով պատերազմի տարիներին զենք գնելու անվան տակ թալանում է պահուստային ադամանդը, հիմա հանկարծ այդ մարդն ինչ-որ բաներ է զառանցում»,-ասել էր Գառնիկ Իսագուլյանը։
Իսագուլյանի այս հայտարարությունից հետո Շիրխանյանի մտերիմ, Երևանի «Շողակն» ադամանդի գործարանի այն ժամանակվա տնօրեն Սարգիս Սարգսյանը հայտարարել էր, թե ադամանդի գողություն տեղի չի ունեցել․«Իսագուլյանի ասածները, ակնարկները իրականությանը չեն համապատասխանում։ Ես այդ ժամանակ ադամանդի գործարանի տնօրեն եմ եղել։ Այդ 1 միլիոն դոլարի ադամանդը, այո, կառավարության որոշմամբ հատկացվեց պետության կարիքների համար։ Այդպես գրված էր գրության մեջ, որը տրամադրվել էր ինձ։
Կառավարությունից գրությունը ստանալուց հետո մենք հատկացրինք այդ ադամանդը, բայց ուղիղ 15-20 օր հետո ադամանդը հետ վերադարձվեց և մուտքագրվեց գործարանի պահեստ։ Ես նպատակը չգիտեի՝ ինչի համար էր դա պետք։ Ես տնօրեն էի, գրությունը տվել էին, ես մակագրել էի, բաց էինք թողել ու ամենաշատը 20 օր հետո նույն խմբաքանակով, նույն չափով մուտքագրեցինք գործարանի պահեստ։ Դա 1993 թվականն էր։ Ճիշտ է, շատ ժամանակ է անցել, բայց անհրաժեշտության դեպքում կարելի է արխիվները վերականգնել ու գտնել համապատասխան և՛ ելքի, և՛ մուտքի փաստաթուղթը, որը փաստում է, որ 1 միլիոն դոլարի ադամանդը 20 օր անց կրկին մուտք է եղել գործարանի պահեստ»,-ասել էր Սարգսյանը՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում։
Մեզ չհաջողվեց «Արլիս» համակարգում գտնել համապատասխան որոշում, որի հիման վրա ադամանդը, իբր, վերադարձվել է պետությանը։ Պատմությունը, կարծես, ունի մութ կողմեր և կարող է պարզվել, որ իրականում 90-ականների ծանր պայմաններում պետությանը ահռելի վնաս է հասցվել։ Այստեղ պետք է նկատել, որ այդ տարիներին մեկ միլիոն դոլարը ահռելի կարողություն էր, և պատերազմող երկրի համար այն մեծ նշանակություն ուներ։
Իրավապահները պարտավոր են այս հայտարարությունները ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և փորձել պարզել, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ Եվ եթե պետությունից գողացվել է մեկ միլիոն դոլարի ադամանդ, ապա հանցագործները պետք է կանգնեն արդրադատության առաջ, և այստեղ կարևոր չէ, որ ենթադրյալ հանցագործները աջակցում են գործող կառավարությանը՝ օրենքը պետք է գործի բոլորի համար։