Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի հ...

Երեւանի պետական բժշկական համալսարանից հայտնում են․«Փետրվարի 15-ին աշխարհը նշում է մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը։
Այս օրը միջազգային օրացույցում իր տեղը գտավ 2002 թվականին:
Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է՝ «Մեր ձեռքերով»: Մանկական քաղցկեղը կարող է բուժվել, իսկ բուժվածների վիճակը՝ բարելավվել, եթե բոլոր շահագրգիռ կողմերը շարունակեն վճռականորեն գործել առանցքային ոլորտներում:

Օրվա հիմնական նպատակն է սևեռել հասարակության ուշադրությունը մանկական քաղցկեղային հիվանդությունների խնդրի վրա՝ ևս մեկ անգամ հիշեցնելով դրանց վտանգավորության, ինչպես նաև վաղ ախտորոշման և կանխարգելման անհրաժեշտության մասին: Վաղ հայտնաբերումը նվազեցնում է հիվանդության մահացու ելքի հավանականությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն՝աշխարհում տարեկան 250 հազար երեխա հիվանդանում է առաջնային չարորակ ուռուցքով: Տարեկան 90 հազար երեխա մահանում է քաղցկեղից:
Երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը՝ լեյկեմիան, երկրորդ տեղում են ավշային համակարգի չարորակ ախտահարումները՝ լիմֆոմաները, երրորդ տեղում գլխուղեղի, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներն են:


Լուսանկարում Հորդանանի արքայադուստր, Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (Union of International Cancer Control) նախագահ Դինա Մայրեդն է «Մուրացան» հիվանդանոցային համալիրում, 2017 թվականին»: