Ազգային ժողովի այսօրվա նիստի մեկնարկից առաջ քննարկվում են այն հարցերը, որոնք խորհրդարանը պետք է որոշի՝ նիստի օրակարգում ընգրկե՞լ, թե՞ ոչ։ Այդ հարցերի թվում էր ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագիծը՝ անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզը քրեականացնելու առաջարկով։
Հանձնաժողովը, սակայն, բացասական եզրակացություն էր տվել այդ նախագծին։ Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ կառավարությունը նույնպես բացասական եզրակացություն է տվել ու պատճառաբանել է, որ այդպիսի դեպքերը նախատեսված են նույն օրենսգրքի՝ անառակաբարո գործողություններ կատարելու, ինչպես նաև պոռնկագրական նյութեր տարածելու հոդվածներով։
Պետրոսյանի խոսքով՝ սակայն, դրանք չեն համապատասխանում իր նախագծի էությանը։
Իմքայլական մեծամասնությունը դեմ քվեարկեց նախագիծն ԱԺ նիստի օրակարգ մտցնելուն։ Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը բացատրեց, որ գործնականում իրենք հասկանում են այս բառերի էությունը, բայց երբ հարցը քրեական պատասխանատվության է հասնում, այդ բառերի որոշակիությունը չի բավարարում։



