Պետք է անել ամեն բան Փաշինյանի կողմնակիցների...

Նախօրեին ռուսաստանաբնակ հայ մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը ներկայացրել է Հայաստանում առաջիկա հունիսի 21-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում մասնակցող հիմնական ուժերի հավաքելիք հնարավոր քվեները՝ տոկոսային արտահայտությամբ։ Ընդ որում, Գաբրիելյանովի գնահատականներով՝ առաջատար քառյակը հետեւյալ տեսքն ունի՝ Քոչարյան - 35 %, Փաշինյան - 25%, Ծառուկյան - 10%, Վանեցյան - 5%։

Քաղաքական եւ ընտրապայքարային բավական լուրջ փորձ եւ բավականին ծանրակշիռ ու հավաստի տեղեկատվության տիրապետող ռուսաստանաբնակ մեր հայրենակիցն, ընդ որում, գնահատում է, որ «Քոչարյանին նախընտրություն տվողների թիվն աճում է, սակայն պետք է մարզերի զարգացման հստակ պլան։ Ծառուկյանի ընտրազանգվածը կարող է աճել մինչեւ 15 տոկոս։ Վանեցյանը, եթե գրագետ կերպով անցկացնի ընտրարշավը կարող է մինչեւ 10 տոկոս հավաքել, իսկ ահա «Փաշինյանն այլեւս չի կարողանա ավելացնել իր ընտրազանգվածը։ Նա իրեն ճղում է, որպեսզի պահպանի գոնե 15 տոկոսը»։

Սա, ինչ խոսք, բավական հետաքրքիր պատկեր է ներկայացնում իրենից, սակայն, ինչպես ասում են՝ անելիք դեռ շատ կա, հատկապես, որ Փաշինյանը կարող է գոնե 25 տոկոս քվե հավաքել, ինչը չափազանց վատ է մեր երկրի համար, քանի որ նույնիսկ 5 տոկոսի շեմն անցնելով՝ Փաշինյանը կապահովի իր քաղաքական կենսունակությունը եւ տեղը հայկական քաղաքական երկնակամարում, ինչը գոնե առաջիկա տասնամյակների համար անթույլատրելի պետք է լինի։

Խնդիրն ուրեմն, այստեղ շատ պարզ է ձեւակերպված․ բոլոր ուժերը՝ «Կոնսենսուս -1»-ի տրամաբանությամբ պետք է աշխատեն առանձնահատուկ ուշադրությամբ այն ընտրազանգվածի վրա, որը այժմ դեռ Փաշինյանի կողքին է կանգնած։ Նոր հետեւորդների բանակը թե Քոչարյանի, թե Ծառուկյանի, թե Վանեցյանի եւ թե մյուս՝ հակաիշխանական ուժերի համար, պետք է ձեւավորվի հենց Փաշինյանի ընտրազանգվածից անհատներին պոկելով, «դարձի բերելով»։

Ու ընդ որում, դա պետք է արվի եւ բավականին արագ տեմպերով, եւ բավականին խնամքով՝ մարդ առ մարդ տրամաբանությամբ՝ ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր ընտրողի հանդեպ։ Ու ամենից կարեւորը, երբեք չպետք է թույլ տալ, որ «Կոնսենսուս -1»-ի տրամաբանությունը խաթարվի։ Չպետք է երբեք մոռանալ, որ եթե Փաշինյանը թեկուզ միայնակ կարողացավ մտնել ԱԺ, ապա դա նշանակում է, որ առնվազն թուրք-ադրբեջանական տանդեմը ՀՀ նոր ԱԺ-ում ունենալու է իր դաշնակիցն ու շահերի սպասարկողը։