Պետդումայում հայտարարել են Ռուսաստանում գերեզ...

Ռուսաստանում գերեզմանոցների և դիակիզարանների սուր պակաս կա: Դրա մասին ասել է Պետդումայի շինարարության, բնակարանային և կոմունալ ծառայությունների կոմիտեի փոխնախագահ Սվետլանա Ռազվորոտնևան։

Ըստ «Եդինայա Ռոսիայի» պատգամավորի՝ դրա պատճառը «Թաղման և հուղարկավորության գործի մասին» օրենքն է, որն ընդունվել է 1996թ.: Ռազվորոտնևան ընդգծել է, որ ասօր այդ օրենքը հնացել է և չի բավարարում ընթացիկ կարիքները:

«Դրանում ուղղակիորեն ասվում է, որ միայն համայնքային կազմակերպությունները կարող են թաղումներ անել: Այսինքն, անհնար է ստեղծել մասնավոր գերեզմանոցներ, դիակիզարաններ, ծիսական այլ օբյեկտներ, հնարավոր չէ այս ոլորտ կապիտալ և ներդրումներ ներգրավել՝ պետականից բացի»,- պարզաբանել է պատգամավորը։

Ըստ Ռազվորոտնևայի վկայակոչած վիճակագրության՝ հատկապես վատ է դիակիզարանների հետ կապված իրավիճակը։ Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում գործում է 27 նմանատիպ օբյեկտ։ Այսպես, 5 միլիոն քաղաքացուն բաժին է ընկնում միայն մեկ դիակիզարան, մինչդեռ Ճապոնիայում՝ 79 հազար մարդուն՝ մի դիակիզարան, ԱՄՆ-ում՝ 159 հազարին, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 242 հազարին։

«Այսօր դիակիզարանների կարիքը շատ մեծ է։ Խոշոր քաղաքներում՝ մասնավորապես Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում է տեղի ունենում թաղումների մինչև 70%-ը։ Հաճախ ծայրամասերից մարդիկ ստիպված են լինում գնալ դաշնային կենտրոններ՝ դիակիզման ծառայությունից օգտվելու համար: Իսկ դա նշանակում է հավելյալ գումար, սթրես, հավելյալ ժամանակ հերթերում և այլն»,- նշել է Ռազվորոտնևան։

Նրա կարծիքով, խնդրի լուծումը օրենքի փոփոխություններն են, որոնք թույլ կտան պետական-մասնավոր համագործակցության շրջանակում ծիսական շենքերի կառուցումը՝ առևտրային կապիտալի ներգրավմամբ։

Ռուսաստանում մահացության մակարդակը կտրուկ աճել է կորոնավիրուսային համաճարակի և Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո։ Росстат-ի տվյալներով՝ 2024 թվականի առաջին կիսամյակում մահացությունների թիվը տարեկան կտրվածքով աճել է 4%-ով՝ հասնելով 921,1 հազարի։

Միջին հաշվով ամբողջ երկրում 1,5 անգամ ավելի շատ մարդ է մահացել, քան ծնվել է, իսկ որոշ շրջաններում այդ տարբերությունը դարձել է 2-3 անգամ։ Բնակչության բնական նվազման հետևանքով վեց ամսվա ընթացքում Ռուսաստանը կորցրել է ևս 272,5 հազար մարդ։ Դա տեղի է ունեցել 2023 թվականին 500,3 հազարի, 2022 թվականին՝ 599,6 հազարի և վերջին 8 տարվա ընթացքում ընդհանուր 3,5 միլիոնի կորստից հետո։

Միևնույն ժամանակ, բրիտանական հետախուզության գնահատականներով, մինչև 2024 թվականի սեպտեմբեր Ուկրաինայում ռուսական բանակի կորուստները հասել են 610 հազար մարդու։ Այս թիվը ներառում է և՛ սպանվածներին, և՛ վիրավորներին։ Նախքան սա The Wall Street Journal-ը, վկայակոչելով արևմտյան հետախուզության տվյալները, գրում էր մոտավորապես 200 հազար զոհվածների մասին։

BBC-ի ռուսական ծառայությունը և Mediazona-ն, կամավորների թիմի հետ միասին, բաց տվյալների հիման վրա պարզել են պատերազմում ավելի քան 68 հազար զոհվածների անունները։