Պետդուման հաստատել է ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Խերսոնի և...

Ռուսաստանի Պետդումայի Պետական շինարարության և օրենսդրության հանձնաժողովն այսօր հաստատել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին դաշնային սահմանադրական օրենքների նախագծերը, հաղորդում է ТАСС գործակալությունը։

Փաստաթղթերի համաձայն, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին, ովքեր բնակվում են նշված շրջանների տարածքներում, երաշխիքներ կտրամադրվեն աշխատանքային գործունեության իրականացման համար, կճանաչվի նրանց կրթությունը, ինչպես նաև նրանց քաղաքացիական կարգավիճակը հաստատող փաստաթղթերը, աշխատանքային ստաժը, կենսաթոշակ, սոցիալական և բժշկական օգնություն ստանալու իրավունքը։

Ռուսաստանի նոր սուբյեկտներում դրամական միավոր կճանաչվի ռուբլին:

Գործակալությունը նշում է, որ օրինագծերը նախատեսում են նաև երաշխիքներ գույքային հարաբերությունների ոլորտում։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-27-ը Ուկրաինայի Խերսոնի, Զապորոժիեի մարզերում, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում հանրաքվեներ անցկացվեցին, որոնց արդյունքներով, ըստ տեղի իշխանությունների և Ռուսաստանի, քվեարկությանը մասնակցածների գերակշիռ մասը՝ 90 տոկոսից ավելին, կողմ արտահայտվեցին Ռուսաստանին միանալուն: Դրանից հետո Ռուսաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց Զապորոժիեի և Խերսոնի մարզերի անկախությունը ճանաչելու մասին: Այնուհետև 4 շրջանի ղեկավարների հետ ստորագրվեցին համաձայնագրեր Ռուսաստանի կազմ մտնելու մասին։