Պետդեպարտամենտը որոշել է անվտանգության նկատառումներով դուրս բերել Իսրայելում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մի մասին և նրանց ընտանիքի անդամներին. հայտնում է ամերիկյան դեսպանատան կայքը։
Էսկալացիան Մերձավոր Արևելքում սկսվել է հունվարին՝ Իրանում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։ ԱՄՆ-ը աջակցել է ցուցարարներին և զգալիորեն ավելացրել ուժերը տարածաշրջանում։
Միևնույն ժամանակ, The New York Times-ի աղբյուրները հայտնել են, որ Իսրայելն ակտիվորեն պատրաստվում է ԱՄՆ-ի հետ համատեղ հարված հասցնել Իրանին, սակայն հարձակման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Դիտարկվում է մի քանի օրվա ընթացքում զանգվածային հարված հասցնելու հնարավորությունը, որպեսզի Իրանը զիջումների գնա միջուկային գործարքի շուրջ բանակցություններում։
Politico-ն իր հերթին գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները կնախընտրեին, որ Իսրայելն առաջինը հարվածեր Իրանին, քանի որ դա կդրդի Թեհրանին պատասխան գործողությունների։ Դա, իր հերթին, առիթ կդառնա ԱՄՆ-ի հարձակումների համար։ Իսրայելն ինքը նույնպես զգուշացրել է ԱՄՆ-ին, որ պատրաստ է միայնակ հարված հասցնել Իրանին։



