Փեսա՞ն էր ստում, թե՞ աները

Օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իր նախագահության տարիներին Հայաստանի հատուկ ծառայությունները իրեն երբեք չեն զեկուցել Նիկոլ Փաշինյանի կամ նրա թիմակիցների՝ օտարերկրյա գործակալներ լինելու մասին։

«Ոչ նման զեկույց չեմ լսել», – ասել է Սերժ Սարգսյանը՝ միաժամանակ հերքելով անգամ իր փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի այն պնդումը, թե Արարատ Միրզոյանը Թուրքիայի գործակալ է։

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը 2021 թվականին հայտարարել էր, որ այն ժամանակվա Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեռ 2005 թվականից հանդիսանում է Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ։ Ըստ Մինասյանի՝ նրան «պերեվերբովկա» է արել Հայաստանի ԱԱԾ-ն։

Նրա խոսքով՝ ավելի ուշ, թուրքական հատուկ ծառայությունների խորհրդով, Միրզոյանը սկսում է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ և դառնում վերջինիս թիմի կարկառուն անդամներից մեկը։

«Ժամանակն անցավ, և թուրքերն ու ադրբեջանցիները կազմակերպեցին Հայաստանում պետական հեղաշրջում։ Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձավ այն թյուրիմացություն, մարդասպան և դավաճան անձը, որը, ցավոք սրտի, այսօր դեռ զբաղեցնում է այդ պաշտոնը։ Իսկ մեր "հերոսը" դարձավ Ազգային ժողովի նախագահ։ Այո, այն երիտասարդը, որի մասին խոսում եմ՝ Արարատ Միրզոյանն է։ Ցավոք սրտի, սա իրականություն է», – հայտարարել էր Մինասյանը՝ հավելելով և որպես ապացույց ընթերցել է Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ-ին ուղղված դիմումը, որը, ըստ նրա, գրվել էր դեռ 2007 թվականին։

Այս հակասության ֆոնին առաջանում է պարզ, բայց խորքային հարց.
Եթե Մինասյանը ճիշտ է, ապա Սերժ Սարգսյանը 10 տարի ապրել է վտանգավոր անտեղյակության մեջ՝ չիմանալով, որ պետության ներսում թուրքական ցանց կա։

Իսկ եթե Սերժ Սարգսյանն է ճիշտ, և նման բան երբեք չի զեկուցվել, ապա Միքայել Մինասյանը հասարակությանն է ներկայացրել կեղծ և մանիպուլյատիվ վարկածներ՝ Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին թուրք գործակալներ անվանելով ու հասարակության էմոցիաների վրա ազդելով անհաղթահարելի պառակտվածություն է առաջացրել պետության մեջ։

Երկու դեպքում էլ մենք գործ ունենք պետության հանդեպ անպատասխանատու կամ կեղծիքային վերաբերմունքի հետ։ Հնարավոր չէ, որ երկու կողմն էլ ճշմարիտ խոսեն։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ կամ երկուսն էլ ստում են, կամ երկուսն էլ վկայում են, որ պետության ներսում տասնամյակներով հսկայական գործակալական համակարգ է գործել առանց վերահսկողության։

Սերժ Սարգսյանի լռությունը այս թեմայի շուրջ երկար տարիներ հանգեցրել է նրան, որ նման հայտարարությունները մնան տեղեկատվական վակուումում։ Փաստորեն, ըստ նրա, նա երբեք ոչինչ չի իմացել։ Բայց հենց այդ անտեղյակությունն է հարվածում պետականության հիմքերին։ Որովհետև եթե նույնիսկ նախագահն իսկապես չի իմացել, սա արդեն ինքնին աղետ է՝ անվտանգության համակարգերի խափանման վկայություն։

Իսկ եթե իմացել է, բայց որոշել է չխոսել, ապա սա առնվազն հանցավոր անփութություն է կամ սուր քաղաքական հաշվարկ՝ ապագայում պլանավորված շահագործման նպատակով։

Եթե այս մարդիկ միմյանց այսպիսի ծայրահեղ հակասող հայտարարություններ են անում, ապա նրանք երկուսն էլ չպետք է որևէ ձևով վերադառնան պետական կառավարում։